Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա


Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել, հարձակվողը ձերբակալվել է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հարձակումը կատարվել է ուրբաթ առավոտյան Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից, որոնց վիճակը բավարար է։ Փոքր ինչ ուշ հրապարակվեց զոհվածի անունը՝ Օրհան Ասկերով։

Սոցցանցերում ու Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել են դեսպանատան տեսախցիկների ձայնագրությունը, որտեղ երևում է, որ արագ ընթացող մեքենան մոտենում է դեսպանատանը, արգելակելիս հարվածում դիմացի կանգնած մեքենային ու մոտեցած մեքենայից վայրկենապես մի մարդ է դուրս գալիս ավտոմատը ձեռքին ու մտնում դեսպանատան շենք։ Ներսի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա կրակ բացում փախչող աշխատակցիների վրա։ Հակառակ կողմից մեկ ուրիշ աշխատակից հարձակվողի հետ ձեռնամարտի է բռնվում փորձելով խլել զենքը, տեսագրության շարունակությունը չի հրապարակվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպը ահաբեկչություն է որակել։

«Վճռականապես դատապարտում եմ ահաբեկչական գործողությունը, որն այսօր կատարվել է Թեհրանում մեր դեսպանության դեմ։ Մենք պահանջում ենք հետաքննել այդ ահաբեկչական գործողությունը և շուտափույթ պատժել ահաբեկիչներին։ Դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական գործողությունը անընդունելի է»,- Թվիթերում գրել է Ալիևը, խորը ցավակցություն հայտնելով դեսպանատունը պաշտպանելու ժամանակ զոհված անվտանգության ծառայության ղեկավար ավագ լեյտենանտ Օրհան Ասկերովի հարազատներին և մտերիմներին ու դեսպանատան աշխատակիցներին։

Հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով». Թեհրանի ոստիկանապետ

Մինչդեռ Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմին լրագրողներին ասել է, որ հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։

Իրանի դատական համակարգին մոտ կանգնած Mizan News-ը փոխանցում է Թեհրանի քրեական դատախազ Մոհամադ Շահրիյարիի խոսքերը՝ նրա ասելով մեղադրյալը պնդել է, որ անցած տարվա ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Չնայած նա բազմիցս այցելել է դեսպանատուն իր կնոջ գտնվելու վայրը պարզելու նպատակով, բայց ոչ մի պատասխան չի ստացել։

Հարցաքննության ժամանակ մեղադրյալը ցուցմունք է տվել, ասելով, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 50-ն անց տղամարդ է։ նախնական տեղեկություններով դեսպանատան շենքին մոտեցած նրա ավտոմեքենայում են եղել նրա անչափահաս երկու երեխաները՝ 14-ամյա աղջիկն ու 7 տարեկան տղան։ Տղամարդը մտել է դեսպանատան շենք ու կրակ բացել հենց մուտքի մոտ։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ հիմա աշխատանքներ են տարվում դեսպանատան անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին որքան հնարավոր է շուտ Ադրբեջան տարհանելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարությունը Իրանի իշխանություններին մեղադրել է դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ։

Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել։ Դեսպանին նաև ասվել է, որ Իրանում վերջին շրջանում հակաադրբեջանական պլանավորված արշավ է տարվում։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել զոհված աշխատակցի ընտանիքին։

«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ ցուցումով հարցը քննվում է առաջնահերթության կարգով և զգայնությամբ՝ պարզելու այս գործողության չափերն ու հարձակվողի դրդապատճառները», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, միաժամանակ նշելով, որ նախնական տվյալները ցույց են տալիս հարձակման անձնական շարժառիթներ։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախաքննության ավարտից հետո, նշել է նա։

Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը խստորեն դատապարտել են կատարված հարձակումը, բայց այդ մասին նրանց թվիթերյան գրառումներում «ահաբեկչություն» որակումը չկա՝ Էրդողանն ու Չավուշօղլուն օգտագործել են «նենգ հարձակում» արտահայտությունը։

Բազմաթիվ այլ երկրների արտգործնախարարություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններ դատապարտել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։

XS
SM
MD
LG