Մատչելիության հղումներ

OCCRP-ի հետաքննությունը․ նախիջևանյան կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում


Նախիջևանը տասնյակ տարիներ ղեկավարած Վասիֆ Թալիբովը, արխիվ
Նախիջևանը տասնյակ տարիներ ղեկավարած Վասիֆ Թալիբովը, արխիվ

Հետաքննող լրագրողների ընկերակցության (Organized Crime and Corruption Reporting Project - OCCRP) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք գործարար Էմին Ուչարը հարստություն է դիզել աշխատելով Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, ու կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում։

Վրաստանում 270 միլիոն դոլարի հյուրանոցային բիզնեսը՝ բարձրակարգ հյուրանոցները, ռեստորանները, ըստ թղթերի պատկանում են թուրք գործարարին, բայց հետաքննող լրագրողներն ապացույցներ են գտնել, որ նա նախիջևանյան Թալիբովների դրածոն է վրացական բիզնեսում, որտեղ գործընկերներից մեկը ֆրանսիական Accor ընկերությունն է։

Էմին Ուչարը փաստաբանի միջոցով հերքել է, որ իր ընկերության ակտիվները պատկանում են Թալիբովների ընտանիքին, պնդելով, թե բիզնեսի ֆինանսական աղբյուրները վարկերն են։ Accor-ը հայտնել է, որ հաշվի առնելով Թալիբովների հետ կապի մասին վերջին հաղորդումները՝ վերանայում է համագործակցությունը թուրք գործարարի հետ։

Թուրք գործարարն ընկերություններ ունի Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Կորպորատիվ ցանցում ընդգրկված վրացական Maqro Group, ադրբեջանական Gamigaya ընկերությունները իրենց հիմնադրման ժամանակներից՝ 2000-ականներից սկսած պետական տասնյակ պատվերներ են ստացել Ադրբեջանից։ Թալիբովի հրաժարականից մեկ շաբաթ անց Gamigaya ընկերությունը վերանվանավեց Arkoz, որն Էմին Ուչարի մեկ այլ ընկերության անվանումն է։

Ադրբեջանում 2012 թվականից գործող կոմերցիոն գաղտնիքի մասին օրենքը բաժնետերերի մասին ինֆորմացիան փակ է պահում լրագրողների ու քաղաքացիների համար։ Ընկերությունների բաժնետերերի անունները հնարավոր չէ պարզել։

Բայց հետաքննող լրագրողների հայտնաբերած փաստաթղթերն ապացուցում են Ուչարի և Թալիբովների միջև կապը։ 2012-ի հունվարին Նախիջևանի այժմ նախկին ղեկավարն այցելել էր Բաթումի, մեկ ամիս անց նրա ավագ որդին՝ Ռզա Թալիբովը 1,5 միլիոն դոլարով այնտեղ անշարժ գույք էր գնել։ Լրագրողները հայտնաբերել են Ռզա Թալիբովի ստորագրած փաստաթուղթը, որով նա Էմին Ուչարին վստահել է իր համար անշարժ գույք գնել Բաթումիում։ Նույն տարվա ամռանը Ռզան երկու ամիս ժամկետով մեկ այլ հավաստագիր էր տվել գնված պատմական շենքին կից մեկ այլ անշարժ գույք գնելու համար։ Երկու տարի անց Բաթումիի պատմական այդ շենքում բացվում է Divan Suites Batumi հինգաստղանի հյուրանոցը, որն անցած տարեվերջին, երբ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունը կադրային ջարդ սկսեց Նախիջևանում, Ռզա Թալիբովը վաճառքի հանեց 18 միլիոն դոլարով։

Թբիլիսում Maqro ընկերությունը Green Budapest բնակարանային համալիրի սեփականատերն է, 120 միլիոն դոլարով ավելի մեծ օբյեկտ է կառուցվում Green Diamond անվանումով։ Ֆրանսիական Accor-ի հետ կառուցվում է Swissotel հյուրանոցը, շինարարությունն ընթացքի մեջ է, Accor-ի հետ Թբիլիսիի հին կետրոնում ևս երկու հյուրանոց ունեն՝ Mercure-ը, որը բացվել է 2015-ին, և Ibis-ը, որը հյուրեր է ընդունում 2017-ից։

Transparency International կազմակերպության փորձագետ Սանդրո Կևխիշվիլին ասել է, որ Ադրբեջանում հնարավոր կոռուպցիայի հաշվին ստացված գումարների ներդրումը Վրաստանում ռիսկեր է պարունակում Վրաստանի կոռուպցիայի առումով։ «Կոռուպցիայով հարստություն դիզած անձը կփորձի օգտագործել նույն մեթոդները այն երկրում, որտեղ ներդնում է այդ գումարները, հատկապես եթե չկան հակակոռուպցիոն ուժեղ մեխանիզմներ և որոշումներ ընդունող համակարգ՝ նման ռիսկերը նվազեցնելու համար», - ասել է նա։

XS
SM
MD
LG