Մատչելիության հղումներ

Կադրային ջարդ Նախիջևանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբով, արխիվ

Կադրային ջարդ Նախիջևանում. այսպես են բնութագրում ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները ինքնավար հանրապետության տարածքում վերջին օրերին ծավալված իրադարձությունները։

Նախ, անցած շաբաթավերջին հայտնի դարձավ Նախիջևանի մաքսային պետական կոմիտեի շենքում Պետանվտանգության ծառայության իրականացրած խուզարկությունների և ձերբակալությունների մասին։ Ըստ «Թուրան» գործակալության՝ ձերբակալվածների թվում էր գերատեսչության բաժիններից մեկի ղեկավար Մանսուր Ասկերովը, որին կասկածում են շուրջ 130 միլիոն մանաթ կամ ավելի քան 70 միլիոն ամերիկյան դոլար հափշտակելու մեջ։ «Թուրան»-ն, ի դեպ, տեղական որոշ աղբյուրներ վկայակոչելով պնդում է, որ Ասկերովը միակ ձերբակալվածը չէ, և Պետանվտանգության ծառայության կողմից բերման ենթարկված նախիջևանցի մաքսավորների թիվը հասնում է մեկ տասնյակի։

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ Նախիջևանում անցած շաբաթ իրականացված ևս մեկ աղմկալի գործողության մասին, որի հետևանքով անազատության մեջ է հայտնվել ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը։ Այս պաշտոնյային, ըստ ադրբեջանական աղբյուրների, մեղադրում են 144 միլիոն մանաթ հափշտակելու մեջ։

Միմյանց հաջորդող ձերբակալությունների ֆոնին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի հրամանագրով լուծարվել է Նախիջևանի մաքսային պետական կոմիտեն։ «Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ լուծարված գերատեսչությունների թվում է նաև Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը, որի փոխարեն նոր տարածաշրջանային վարչություն է ստեղծվել՝ Բաքվի ուղղակի ենթակայության տակ», - գրում է «Թուրան» գործակալությունը՝ նշելով, սակայն, որ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

«Թուրան»-ը նաև պնդում է՝ Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում տարածված կարծիք կա, որի համաձայն՝ Նախիջևանում սկիզբ առած այս զտումների իրական թիրախը ինքնավար հանրապետության երկարամյա ղեկավար, տեղական խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովն է։ Նա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը ղեկավարում է արդեն 26 տարի։ Թալիբովն, ի դեպ, Ադրբեջանի իշխող ընտանիքի ամենամերձավոր անձանցից է՝ նրա զոքանչը Հեյդար Ալիևի հարազատ զարմուհին էր։

«90-ականների սկզբին, երբ Հեյդար Ալիևը ստիպված էր լքել Մոսկվան՝ վերադառնալով հայրենի Նախիջևան, նա մի քանի տարի շարունակ բնակվում էր հենց Թալիբովների երեք սենյականոց բնակարանում», - այս գարնանը հրապարակված հետաքննության մեջ պնդում էր Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV կայքը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հետագայում Հեյդար Ալիևը Թալիբովին նշանակեց իր օգնականի, ապա նաև Նախիջևանի տեղական խորհրդարանի խոսնակի պաշտոններում։

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում Վասիֆ Թալիբովն իր ձեռքում է կենտրոնացրել ինքնավար հանրապետության իշխանության և բիզնեսի բոլոր լծակները», - գրում է ադրբեջանական կայքը, հիշեցնելով՝ մի քանի տարի առաջ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության հրապարակած տվյալներից պարզ էր դարձել, որ պաշտոնավարման ընթացքում Նախիջևանի ղեկավարի ընտանիքը հսկայական հարստություն է կուտակել։ Վասիֆ Թալիբովի երկու որդիներին և դուստրերին են պատկանում Դուբայում գտնվող մեկ շքեղ առանձնատուն և 12-հարկանի հյուրանոց։ Բաթումիում ևս Թալիբովներին երկու հյուրանոց է պատկանում», - գրում է ընդդիմադիր կայքը:

Meydan TV-ն ընդգծում է, որ Ադրբեջանի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկը համարվող Նախիջևանի ղեկավարի ընտանիքին պատկանող արտերկրյա գույքի ընդհանուր արժեքը հասնում է 63 միլիոն դոլարի։

XS
SM
MD
LG