Մատչելիության հղումներ

Ի՞նչ են քննարկել ադրբեջանցիներն ու արցախցիները


Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի պահանջներն Արցախի համար անընդունելի են, եթե զիջենք նոր պահանջներ կներկայացնեն, ասում է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Հետո նորից ինչ-որ մի բան մտքներով անցնի, նորից գան փակեն, նորից ինչ-որ բան... Այսինքն՝ սրանք անլուրջ, անիմաստ քննարկումներ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որին մասնակցել են նաև պատգամավորները։ Հանդիպումը փակ ռեժիմով է եղել, պատգամավորներն անվտանգության նկատառումներով շատ փակագծեր չեն բացում։

«Ամեն անգամ նույն միջազգային հանրությանը ուզում են ցույց տալ, որ իրենք ինչ-որ պահանջներ ունեն, որը իրենց կարգավիճակից է բխում։ Եվ քանի որ մենք չենք անում, էդ պատճառով շարունակվում է շրջափակումը», - նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ «Ազատության» աղբյուրի, Լաչինի միջանցքը բացելու համար պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականն են պահանջել ադրբեջանցիները, նաև որ դադարեցվի Կաշենի հանքավայրի շահագործումը, նաև, որ միջանցքի ռուսական անցակետում տեղադրվի ռենտգեն-սկաներ սարք և այնտեղ մեկ ադրբեջանցի լինի։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները հատկապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն ուզում։ Բաքվից մի քանի անգամ են հրապարակավ հայտարարել, որ դեմ են նրա պաշտոնավարմանը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով, Արցախի պետնախարարը «ինչ-որ անհայտ, պատահական մեկը չի. - «Ամեն դեպքում աշխարհում համբավ, ճանաչում ունեցող անձ է»։

Պատգամավորի կարծիքով, նաև Ռուբեն Վարդանյանի անձով է պայմանավորված միջազգային հանրության արձագանքը։ Գուցե ոչ գործնական քայլեր, բայց հասցեական հայտարարություններ եղան։ Արցախի պաշտոնյան գործոն է դարձել, - ասում է Հակոբյանը։ - «Ե'վ ավելի շատ խոսեցին, և' այդ խոսույթները շատ ավելի հասցեական էին այս անգամ»։

Համաձայնություն չի կարող լինել որևէ պահանջի վերաբերյալ, այդ թվում ռուսական անցակետում ադրբեջանցու մասնակցությամբ սկաներ սարքի տեղադրման, պնդում է պատգամավորը։ Ադրբեջանի պահանջները ձևական են, որ աշխարհին ցույց տան, թե փորձում են բանակցել. - «Այնքան չկար էդ լրջությունը, որ նույնիսկ մենք երբ որ հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ, անկեղծ քննարկելու ոչինչ չի եղել»։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով է ամրագրվել, որ Լաչինի միջանցքը վերահսկելու է Ռուսաստանը, ադրբեջանցիների պնդումներն անհիմն են, ասում է իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը. - «Միջանցքի հարյուրտոկոսանոց վերահսկողությունը պատկանում է ռուս խաղաղապահներին, ռուսական կողմին»։

Հարությունյանի փոխանցմամբ, ադրբեջանցիների գործելաոճն է՝ առաջ քաշել պահանջներ՝ գիտակցելով, որ դրանց վերաբերյալ զիջումներ չեն լինի, որպեսզի հետո մեղադրեն հայկական կողմին ու հարցը հասցնեն փակուղի. - «Ադրբեջանական կողմը լրիվ ապակառուցողական դիրքերից է խոսում։ Երբեմն մեզ թվում է, որ նրանք միտումնավոր բանակցային գործընթացը տանում են փակուղի»։

Արցախցիների ու ադրբեջանցիների բանակցություններն ապարդյուն են անցել։ Իշխանական պատգամավորը չցանկացավ խոսել ո'չ այդ բանակցություններից, ո'չ էլ Անվտանգության խորհրդի նիստից. - «Բովանդակությունը հրապարակման ենթակա չէ»։

Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 39 օր։ Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հայտարարեց, որ առաջիկայում կբացվի, բայց չհստակեցրեց՝ երբ ու ինչ պայմանով։ Սակայն շեշտեց, որ ռուս խաղաղապահները կարող են վերահսկել Լաչինի միջանքի շարժը ու բոլոր հնարավորություններն ունեն ստուգելու՝ արդյո՞ք այդ ճանապարհով արգելված, ոչ հումանիտար բեռներ են տեղափոխվում։

XS
SM
MD
LG