Իրավապահները հայտնում են պատերազմի ավարտն ազդարարող փաստաթղթի ստորագրման գիշերն այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին բռնության ենթարկելու, զանգվածային անկարգությունների և վարչապետի առանձնատնից հափշտակության գործով նոր բացահայտումների մասին։ Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ ևս երկու հոգի է կալանավորվել։ Նրանցից մեկը մեղադրվում է Միրզոյանին ծեծի ենթարկելու համար։
«Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն», - հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Այս գործը վերահսկող դատախազ Գորիկ Հովակիմյանն ասում է՝ մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տվել. «Նախ նա խախտել է բնակավայր հանդիսացող ՀՀ կառավարության կեցավայրի անձեռնմխելիությունը և դրանից հետո միացել այս զանգվածային անկարգության մասնակիցներին և որպես զանգվածային անկարգության մասնակից՝ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի նկատմամբ: Տեսագրությունում արդեն երևում է գործադրելու հանգամանքը»:
Պատերազմում հայկական կողմի պարտության լուրից հետո ի նշան բողոքի բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև կառավարական առանձնատների մոտ։ ԱԱԾ-ն այսօր հրապարակել է կառավարական առանձնատների մոտ Արարատ Միրզոյանի ծեծի և առանձնատներ ներխուժման կադրերը՝ չբացահայտելով, սակայն, երկու նոր մեղադրյալների անունները։
Դատախազ Գորիկ Հովակիմյանի խոսքով՝ կալանավորված մյուս քաղաքացին մեղադրվում է միայն վարչապետի կնոջ՝ շուրջ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը հափշտակելու համար։ Վերջինս գողոնը գրավադրել էր։
«Այլ կերպ ասած՝ Տ.Պ.-ն խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ այո, մուտք է գործել կառավարության առանձնատուն, խոսքը վերաբերում է վարչապետի և նրա ընտանիքի բնակարան հանդիսացող վայր, և բացահայտ կատարել է հափշտակություն: Կոնկրետ նշեմ՝ գողացվել է, հափշտակվել են ոսկյա զարդար, ուղղակի մենք այս պահի դրությամբ կարողացել ենք պարզել, բացահայտել գողացված զարդեղենի մի մասի ճակատագիրը», - ասաց նա:
Արարատ Միրզոյանին բռնութան ենթարկելու համար օրերս կալավորված քաղաքացուց բացի, «Ազատությանը» հայտնի է ևս երկու մեղադրյալ։ Նրանցից մեկը 32-ամյա Ժիրիկ Սիրեկանյանն է, որը մեղքը չի ընդունում։ Ըստ նրա փաստաբանի՝ եռակողմ հայտարարության մասին վարչապետ Փաշինյանի ֆեսյբուքյան գրառումից հետո, տեղեկանալով մայրաքաղաքում կատարվողի մասին, իր պաշտպանյալը ընկերների հետ շտապել էր Երևան, բայց ծեծի ժամանակ արդեն վերադարձած է եղել գյուղ։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ԱԱԾ-ի այսօր հրապարակած մեղադրյալների մասին չգիտեր։
«Մեր նյութերում անգամ այդ անունները չկան, ի դեպ, ասեմ Ձեզ՝ ինձ համար ինչ-որ նոր անուններ են, չգիտեմ՝ ովքեր են, չեմ կարող որևէ բան ասել այդ մասով», - նշեց նա:
Փաստաբանի խոսքով՝ մեկ տարուց ավելի է քննչական գործողություն չեն արել՝ ո՛չ առերեսումներ, ո՛չ հարցաքննություն, ո՛չ էլ մեղադրանքն են հանում, մինչդեռ գյուղատնտեսությամբ զբաղվող Սիրեկանյանը ստորագրություն է տվել չբացակայելու մասին և արդեն մեկ տարի է՝ չի կարողանում մթերքը տեղափոխել արտերկիր վաճառելու. «Երևի թե վկայում է նրա մասին, որ վախենում են այդ գործով օբյեկտիվ որոշում կայացնել: Ինքը սառեցված, երևի գործը այդպես պիտի հավերժություն գնա, որովհետև խոսքը վերաբերում է գործող իշխանության ներկայացուցչին: Եթե մտածում եք՝ մեղավոր են, տվեք մեր գործը, գնանք դատարան, եթե դուք մտածում եք, որ հիմնավոր է: Արդեն երկուսկես տարի է, եթե գտնում եք, որ հիմնավորել եք, որ այդ մարդն է, տվեք մեր գործը, մեղադրական եզրակացությունը, տանենք դատարան: Որ չէ, հարգելիներս, ընդամենը գործի ապացույցներին ճիշտ գնահատական տվեք, այդ մարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեք»:
Դատախազ Գորիկ Հովակիմյանը հակադարձում է՝ խորհրդարանի նախկին նախագահի ծեծի գործը տեղում չի դոփում, դեպքերից ավելի քան երկու տարի անց իրավապահներն անում են հնարավորը՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար։