Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է դատախազության բողոքը․ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը  կալանավորվել է


Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020-ի նոյեմբերի 10-ին բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ժ.Ս.-ն կալանավորվել է, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը հիշեցնում է՝ նոյեմբերի 10-ին Հայաստանի տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով:

Ըստ հաղորդագրության՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում Ազգային Ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու համար Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:

Սակայն, ինչպես դատախազությունն է հայտնում, նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից:

Հիշյալ որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ Վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է, ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար:

XS
SM
MD
LG