Մատչելիության հղումներ

Կալանավորվել են Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք


Կալանավորվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգությունների ընթացքում Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, ովքեր ձերբակալվել են։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Ա.Բ-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020-ի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևանի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին:

«Այնուհետև, Ա.Բ-ն խախտելով բնակարան հանդիսացող ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել է կեցավայրի տարածք, ապա նաև՝ մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Այնուհետև, դուրս գալով կեցավայրի տարածքից գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ», - մանրամասնում է ԱԱԾ-ն:

Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում, ըստ հաղորդագրության, Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տ. Պ-ն, 2020-ի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ մայրաքաղաքում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

«Այնուհետև, Տ. Պ-ն, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք, որից հետո, նույն եղանակով, ինչպես նաև՝ արդեն իսկ բացված դարպասով կեցավայրի տարածք ներս մտած անձանց հետ քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Վերոգրյալից հետո Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը», - ասված է հաղորդագրությունում:

Դրանից հետո, ըստ հաղորդագրույան, Տ. Պ-ն իր կողմից հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551 հազար դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40 հազար դրամի դիմաց՝ իր անվամբ 2020-ի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում:

Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ։

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Կառավարության առանձնատների հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG