Մատչելիության հղումներ

Արցախի կառավարությունը որոշել է անցնել կտրոնային համակարգի


Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և որոշ ապրանքների բաշխման համար առաջիկա օրերին Արցախում կանցնեն կտրոնային համակարգի: Պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Նարինե Աղաբալյանի խոսքով՝ նման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ պահուստային պաշարից խանութներ մատակարարվող մթերքը ոչ բոլորն են կարողանում ձեռքբերել։

«Նպատակն այն է, որ կարողանանք պետական պահուստից մատակարարվող թեկուզ քիչ քանակությամբ մթերքը հավասարաչափ բաշխել բնակչության միջև», - նշեց Աղաբալյանը:

Մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի խանութները գրեթե դատարկ են, բացառություն են թանկարժեք խմիչքները, տեղական արտադրության կաթնամթերքը, հացն ու լավաշը։ Խանութներում մնացած թանկարժեք ոգելից խմիչքներն արցախցիներին ծանր առօրյայի մասին կատակելու առիթ են տալիս։

Բանջարեղենի խանութները փակվել են։ Պահուստային պաշարից Արցախի կառավարությունը խանութներ է մատակարարում ձեթ, մակարոնեղեն, շաքարավազ, բայց դրանք էլ րոպեների ընթացքում սպառվում են։ Վերջին օրերին հենց քաղաքացիներն էին բարձրաձայնում կտրոնային համակարգի անցնելու անհրաժեշտության մասին։

«Էս քանի օրը խանութները ինչ-որ բան ստանում էին: Հստակ գիտեմ, որ ստանում էին շաքարավազ, ձեթ, նրբերշիկ մեկ անգամ լսել եմ, որ կար: Բայց այն մարդիկ, ովքեր որ աշխատում են, կամ այն մարդիկ, ովքեր ունեն փոքր երեխա, չեն կարող դուրս գալ ու որսալ, թե որտեղ ինչ են ստացել ու դրա համար կտրոնային համակարգը երևի ամենաճիշտն է», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Քրիստինան:

Քրիստինան ասում է՝ կտրոնով գնումներ անելու փորձ ունեն, բայց թե ինչպես կգործի հիմա այն, դեռ դժվարանում է պատկերացնել. - «Թե ոնց կաշխատի այդ համակարգը դեռ չգիտեմ, չեմ կարող ինչ-որ հստակ բան ասել, բայց հուսով եմ, որ նորմալ կլինի, որովհետև Սովետի ժամանակներում կար տենց, կփորձենք համակերպվել դրա հետ էլ»:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ, որ արդեն մշակվել են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները. - «Կտրոններով սննդամթերք ձեռք բերելու հնարավորություն է լինելու ընդամենը առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մասով»:

Թե որ սննդամթերքների, ապրանքների ձեռքբերման համար կգործի կտրոնային համակարգը, առայժմ Արցախի կառավարությունից չեն հայտնում։ Արցախում սուր է նաև դեղորայքի խնդիրը։ Դեղատներում հիմա ամենավաճառվող դեղերը չեն գտնվում։

«Ամուսինս վատառողջ էր, բայց դեղատներում չգտանք Paracetamol-ը, որ հասարակ դեղ է, բայց չգտանք», - ներկայացրեց Քրիստինան:

Երեխաների համար էլ ջերմիջեցնողներ, կաթնախառնուրդ, այլընտրանք ապուրների համար էլ բանջարեղեն չեն ճարում ծնողները։

Այսօր արցախցի մի խումբ մայրիկներ երեխաների հետ ակցիան էին կազմակերպել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության առաքելության առջև՝ Արցախում մարդասիրական աղետը կանխելու խնդրանքով։ Հավաքվածներից մի քանիսին ընդունել է ԼՂ-ում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին: Նա վստահեցրել է, որ բոլոր կողմերի հետ քննարկումների մեջ են առաջացող խնդիրներին լուծում տալու համար։

Շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր Խաչի միջոցով մեկ անգամ տասը տոննա հումանիտար բեռ է տեղափոխվել Արցախ, ծանր հիվանդ 15 մարդ ևս Հայաստան է տեղափոխվել միջազգային կազմակերպության միջնորդությամբ ու ուղեկցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG