Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքում Ադրբեջանի հսկիչ կետ բացառված է. Դավիթ Բաբայան


Լաչինի միջանցքում որևէ կետ չի կարող լինել՝ ըստ 20 թվականի պայմանավորվածության, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Հիմա եթե խախտում են, և դրանով իրենք փաստորեն ցույց են տալիս, որ գոյություն չունի փաստորեն Լաչինի միջանցք հասկացությունը, որը կոպիտ խախտում է միջազային պայմանավորվածությունների», - նշեց նա:

Ստորև հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Բաբայան, արդյոք դիտարկվում է միջանցքում ադրբեջանական որևէ անցակետի կամ գուցե ստուգման մեխանիզմի ներդրումը, որովհետև, կարծես, իրենց ուզածը դա է, և պատճառաբանում են, թե «այդտեղ զենք է անցնում»:

Դավիթ Բաբայան. - Դա ստուգման կետ չի լինելու, դա լինելու է պարզապես ձերբակալման կետ: Լաչինի միջանցքում որևէ կետ չի կարող լինել՝ ըստ 20 թվականի այդ չարաբաստիկ պայմանավորվածության: Հիմա եթե խախտում են, և դրանով փաստորեն իրենք ցույց են տալիս, որ գոյություն չունի փաստորեն Լաչինի միջանցք հասկացությունը, որը կոպիտ խախտում է միջազգային պայմանավորվածությունների, իսկ 20 թվականի այդ պայմանավորվածությունը պայմանագիր է և կարելի է դասել և դասվում է միջազգային պայմանագրի շարքերում: Հետո էլ ասելու ենք՝ գիտեք, ոնց է, Ստեփանակերտում էլ պիտի հսկիչ կետ լինի, մենք պիտի դպրոցներում էլ մեր մարդիկ ունենանք, կառավարման համակարգում: Դե սա արդեն, գիտեք, պարզ է էլի, թե ինչին է բերում:

«Ազատություն». - Երբ Մոսկվան հայտնում է, որ ընթանում են բանակցություններ գրեթե ամենօրյա ռեժիմով: Ի՞նչ նկատի ունեի:

Դավիթ Բաբայան. - Միայն երկու կողմ է, որ բացարձակապես տուժում են՝ դա Արցախն է, որը սովամահի է ենթարկվում, և դա Ռուսաստանն է, որը կրում է և քաղաքական, և իմիջային հսկայական կորուստներ: Բացի դրանից, նա նաև երաշխավորն է խաղաղության և կայունության պահպանման տարածաշրջանում, և Լաչինի միջանցքը գտնվում է իրենց պատասխանատվության ներքո: Հետևաբար, իրենք էլ են չափազանց շահագրգռված, որպեսզի այդ ճանապարհը վերաբացվի, և տանում են նաև իրենց խողովակներով համապատասխան քննարկումներ և բանակցություններ:

«Ազատություն». - Այսինքն՝ ձեր առջև դրվո՞ւմ են պահանջներ, որոնք դուք հրաժարվում եք կատարել:

Դավիթ Բաբայան. - Էկոահաբեկիչները նույնիսկ պահանջ էին քաշում, որ Ստեփանակերտում պետք է լինի ադրբեջանական ադմինիստրացիա և այլն: Սա պարզ է, որ անընդունելի բան է, հետևաբար պետք է աշխատանքները շարունակվեն, և կարողանանք այս ծանրագույն իրավիճակից դուրս գալ:

«Ազատություն». - Հիմա ի՞նչ են իրենք ուզում, որ բացեն ճանապարհը:

Դավիթ Բաբայան. - Այս պահի դրությամբ որևէ նոր բան չեն հայտարարում, ուղղակի կանգնած են այնտեղ: Կաշենի նաև այդ հանքավայրը, փաստորեն, և «Բեյզ Մեթըլս» ընկերությունը դադարեցրեց իր գործը, լավ սրանից էլ ավելի՞ ծանր մեզ համար քայլ, 2000 մարդ փաստորեն զրկվել է իրենց աշխատանքից, մեր պետական բյուջեի եկամուտների մի պատկառելի աղբյուրը այս պահի դրությամբ չեզոքացված է, բա ինչո՞ւ չեն քայլեր ձեռնարկվում:

«Ազատություն». - Դուք համաձայն չե՞ք այդ թվում և Հայաստանում հնչող քննադատության հետ Ռուսաստանի հասցեին, որ միջոցներ չեն ձեռնարկում, արևմտյան երկրները ուղիղ կոչ են անում Ադրբեջանին բացել ճանապարհը, Ռուսաստանը դա էլ չի անում:

Դավիթ Բաբայան. - Ո՞վ է այս իրավիճակում կորուստներ կրում. միայն Արցախն ու Ռուսաստանը: Չէ, սա փաստ է, չէ՞: Հիմա ժողովրդի շրջանում էլ են մարդիկ մտածում, վրդովվում են, որ չէ… դա պե՞տք էր նույն Ռուսաստանին, որ իր դիրքերը թուլանան նաև հասարակության շրջանակներում և այլն, իհարկե, ոչ: Լավ է, մենք շատ երախտապարտ ենք, որ տարբեր երկրներ կոչ են անում Ադրբեջանին բացել, բայց կոչերով պիտի՞ միայն սահմանափակվեն, իսկ ո՞վ ունի ամենամեծ լծակը տնտեսապես Ադրբեջանի վրա ազդելու, ոչ միայն Ռուսաստանը և ոչ այնքան Ռուսաստանը: Հետևաբար, պետք է նաև համապատասխան քայլեր չէ՞ ձեռնարկեն, պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ պատժամիջոցներ, նույնիսկ չեն էլ մտածում այդ ամենի մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG