Մատչելիության հղումներ

Լատվիայում ձերբակալել են «Սպուտնիկ Լատվիա» կայքի ավագ խմբագիր Կասեմին


«Սպուտնիկ Լատվիա» լրատվական կայքի ավագ խմբագիր Մարատ Կասեմը, արխիվ
«Սպուտնիկ Լատվիա» լրատվական կայքի ավագ խմբագիր Մարատ Կասեմը, արխիվ

Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Սպուտնիկ Լատվիա» լրատվական կայքի ավագ խմբագիր Մարատ Կասեմին:

Նա մեղադրվում է Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները խախտելու համար: Ձերբակալությունը տեղի է ունեցել Ռիգայում հունվարի 3-ին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: կասեմին փոխադրել են Ռիգայի կենտրոնական բանտ:

Կասեմին ներկայացվել է մեղադրանք Լատվիայի Քրեական օրենսգրքի 84 հոդվածի 1-ին մասով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների խախտում), որով նա կարող է դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման:

Հունվարի 6-ին Կասեմին ներկայացրել են նաև լրտեսության մեղադրանք, որով նա կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման:

«Սպուտնիկ Լատվիա» կայքն, ըստ լատվիացի իրավապահների, «տարածել է Կրեմլի շահերից բխող, այդ թվում՝ Լատվիան և նրա դաշնակիցներին պարբերաբար վարկաբեկող տեղեկություններ»:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո այդ լրատվական կայքի աշխատանքը Եվրամիության տարածքում արգելվել է, քանի որ կայքն արդարացրել է Մոսկվայի ագրեսիան և վարել է ԵՄ անդամ երկրներում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականություն:

Մարատ Կասեմը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Սպուտնիկ Լատվիա» կայքի թիմում և պատասխանատվություն է կրել խմբագրական քաղաքականության համար: Նա մի քանի տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն 2022 թվականի վերջին ընտանեկան հանգամանքների բերումով վերադարձել է Լատվիա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան Կասեմի ձերբակալությունն անվանել է «դիկտատորական ռեժիմների վրեժխնդրություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG