Մատչելիության հղումներ

Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակ երիտասարդներ զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ստացել. Գեղամ Մանուկյան


Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման տասնյակ մասնակիցներ այս օրերին զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ստանում եռամսյա վարժանքներին մասնակցելու համար, «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մոտ 4 տասնյակ արդեն տեղեկություն ունենք, հիմա փաստերը, ամբողջ տվյալներն ենք հավաքագրում, որ տեսնենք` հատկապես այդ որ զինկոմիսարիատներն են, որ հատկապես շատ ակտիվ են», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, որ այս պահին կալանավորված է, նույնպես այդ ցանկում է։ Զինկոմից զանգահարել են Գեղամ Մանուկյանին ու ծանուցագիրը տուն բերել։

«Տղե՛րք, դուք ընդհանրապես չե՞ք իրավիճակին տիրապետում, տղաս անազատության մեջ է, բանտում է, կուզե՞ք, գնացեք, բանտում տեսեք», - շեշտեց պատգամավորը:

Ծանուցագիր է ստացել նաև ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանը, նա էլ է բանտում: Նրանք կալանավորված են ցույցերի օրերին Գյումրիում տարեց տղամարդկանց հետ միջադեպի քրեական գործով:

«Հատկապես մեր դաշնակցական տղաների համար դա միշտ պատիվ է եղել և առանց ծանուցագրերի և՛ Ապրիլյան պատերազմին, և՛ վերջին պատերազմին հարյուրավորները մեկնել են առաջնագիծ», - հավելեց Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիրները պնդում են, թե ծառայությունից չեն խուսափում, բայց այս քայլով իրենց մեկուսացնելու, ճնշելու միտում են տեսնում։ Պատգամավորը հիշեցնում է՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի երկու ամիս առաջ հրապարակային հայտարարությունը:

«Լավ կլինի, որ էդ ակցիաները ավելացվեն մոբիլիազիցիոն ռեսուրսի ավելացմամբ», - ասել էր իշխանության ներկայացուցիչը:

«Իշխանության մոտ շեշտեր կան, որ ահավոր են, ենթադրում են իրենք` պատժելու համար եկեք, առաջնագիծ տանենք, չմտածելով, որ կարող է, և իրոք այդպես է, որ մեր տղաների համար դա պատիվ է», - պնդեց Մանուկյանը:

Ընդդիմության շուրջօրյա հավաքների մեկնարկից հինգ օր անց, երբ ընդդիմադիրները Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ էին փակում, Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը բերման ենթրակվածների տվյալները փոխանցել Պաշտպանության նախարարություն՝ ենթադրելով, թե նրանք խուսափել են ծառայությունից։ Խորհրդարանական հանձնաժողովի այդ նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետերը։ Բոլորն էլ ողջունել էին իշխանական պատգամավորի առաջարկը։

Ծանուցագիր ուղարկվել է նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով։

«Ասել եմ, որ եկող շաբաթ կներկայանամ անպայման», - ասաց նա:

Տարոնն անհնազանդության ակցիաների ակտիվ մասնակիցներից է, մի քանի անգամ բերման է ենթարկվել. «Բնականաբար, սա նաև կապում եմ Քոչարյանի Անդրանիկի հայտնի հայտարարության, որում ասվում էր, բառացիորեն չեմ կարող հիշել, որ ակտիվիստներին բռնեք, ցանկագրեք և ուղարկեք եռամսյակի հավաքների: Ես համարում եմ, որ բանակը, ինչպես իրավապահ համակարգն այս մարդիկ իրենք ձեռքին դարձրել են քաղաքական գործիք»:

Դաշնակցական Ղազարյանը թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ասում է՝ իր ընկերներն էլ, որ ստացել են ծանուցագրեր, ծառայությունից չեն խուսափել, ինչպես ենթադրել էր Անդրանիկ Քոչարյանը։

«Եթե դա անում ենք պատերազմական ժամանակներում և անում ենք առանց վարանելու, խաղաղ ժամանակներում, բնականաբար, մեզ ոչ մի բան չի անհանգստացնելու այդ հանգամանքում, ընդամենը ես սա որակում եմ, համարում եմ էժանագին քայլ այս իշխանությունների կողմից, ովքեր փորձում են այս եղանակով հենց այս ժամանակահատվածում մեզ զորակոչելով հեռու պահել ընդդիմադիր պայքարից», - կարծում է նա:

Պաշտպանության նախարարության զորակոչային ու զորահավաքային համալրման պետ Արմեն Ավթանդիլյանը, մինչդեռ, հերքում է ընդդիմադիր դաշտի մեղադրանքները. «Քաղաքական ոչ մի բան չկա»:

Ավթանդիլյանը, որ նույնպես մասնակցում էր Անդրանիկ Քոչարյանի հրավիրած նիստին, պնդեց, թե իշխանական պատգամավորի այդ օրվա հայտարարությունը չի ազդել ծանուցագրերի հասցեների ընտրության հետ։

Իսկ ինչպե՞ս են վարվելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող պահեստազորայինների հետ. ասաց՝ նրանք կմնան կալանավայրերում։ Վարժական հավաքները երեք ամսով են՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը։ Ըստ կառավարության որոշման` դրանց կմասնակցի 1444 քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG