Մատչելիության հղումներ

Ռուսների ներկայացումը, որ ըստ հեղինակների՝ անհանգստացրել էր Հայաստանի ԱԱԾ-ին, նորից ցուցադրվեց Երևանում


Ռուս ռելոկատների «Պառկե՛ք, պարոն նախագահ» ներկայացումը, որ երկու շաբաթ առաջ, ըստ հեղինակների, անհանգստացրել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), արդեն երկրորդ անգամ անխափան ցուցադրվեց Երևանում։

«Առուն չթռած հոպ չասենք։ Բայց երկու ներկայացում նորմալ, առանց խափանումների անցավ», - ասում է ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը, որն արդեն մի քանի մշակութային միջոցառումներ է անցկացրել Հայաստանում, այդ թվում՝ Ռուսաստանում արգելված «Արտդոքֆեստը», գրաքննված ու փակի տակ պահված «Մինսկ» ֆիլմի պրեմիերան:

Նա շաբաթներ առաջ հյուրեր ուներ ԱԱԾ-ից։ Ասում էր՝ եկել էին հասկանալու՝ այդ ո՞ր նախագահի մասին է խոսքը, ինչո՞ւ է գովազդային պաստառների վրա դագաղ պատկերված։ Ավելի վաղ էլ արգելափակվել էր կայքը, որի միջոցով տոմսեր էին վաճառվում։

«Երբ արգելափակեցին մեր դոմեյնը, որը am-ով էր, մենք դրանից հետո նույնը com-ով բացեցինք։ Դա դեռ գործում է։ Ես պետական կառույցների հետ շփման մեծ սեր չունեմ, մի անգամ իմ տուն եկան, հետաքրքրվեցին, ԱԱԾ-ից էլ հյուրեր չեմ ունեցել», - նշեց նա։

Ներկայացումը քաղաքական հստակ ենթատեքստ ունի. բարձրաստիճան պաշտոնյան, ամենայն հավանականությամբ հենց երկրի նախագահը, մահամերձ տեղափոխվում է հիվանդանոց։ Բժիշկներին այդպես էլ չի հաջողվում որևէ օգնություն ցուցաբերել կարևոր հիվանդին, քանի որ անվտանգության աշխատակիցները, քննիչները հենց հիվանդանոցում որոշում են դեռևս ողջ մարդու մահվան մեղավորներին գտնել. վարկածները հասնում են մինչև Արևմուտք:

Թեև պիեսի մեջ որևէ անուն չի հնչում, բայց դրամատուրգ Օքսանա Նիկրիտովան ուղիղ ասում է՝ բոլորը երևի հասկանում են՝ ում մասին է խոսքը, և ինչու Ռուսաստանում ներկայացումը ոչ մի թատրոնում չբեմադրվեց. «Դե ես Ռուսաստանից եմ ու հենց Ռուսաստանի նախագահին էլ նկատի ունեմ։ Պիեսը երկար ժամանակ թղթի վրա էր մնացել, ոչ մի թատրոն չէր ցանկանում այն բեմադրել»։

Ներկայացման ռեժիսոր Ալեքսեյ Գայիլիտին ասում է, որ արվեստի միջոցով փորձել են համակարգի խնդիրները ցույց տալ. «Ես եկել եմ մի երկրից, որտեղ հատկապես հիմա շատ դաժան ռեժիմ է։ Ինձ համար այս պիեսը մտորում է՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Պետության մեղքը մենք մեր վրա էլ ենք զգում։ Եվ այս ներկայացումը մի լաբորատորիա է, որի մեջ պատճառներն ենք փնտրում: Մենք մեզ հարցեր ենք տալիս»։

Ներկայացման դերասանները հայկական թատրոններից են, սա հայ-ռուսական համատեղ հաջողված նախագիծ են համարում, որը կարող է շարունակական դառնալ։ Պրոդյուսեր Ցելիկովի հաջորդ նախագիծը Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկն» է։ Ասում է՝ բոլորին՝ թե հայերին, թե ռուսներին շատ հարազատ թեմա է։ Էլի կքաղաքականացնեն, վստահ է ռուս պրոդյուսերը, քանի որ այստեղ էլ պատմությունն այն մարդկանց մասին է, որոնք իրենց ամբողջ ունեցվածքը մի ճամպրուկում տեղավորելով ստիպված են եղել թողնել հայրենիքը։

XS
SM
MD
LG