Մատչելիության հղումներ

Մթության մեջ սպասելուց հետո Երևանում ցուցադրվեց Ռուսաստանում ու Բելառուսում արգելված «Մինսկ» ֆիլմը 


Մթության մեջ մոտ երկու ժամ սպասելուց հետո ի վերջո երեկ Կինոյի տանը ցուցադրվեց Ռուսաստանում ու Բելառուսում արգելված «Մինսկ» ֆիլմը։

«Շնորհակալություն, որ դիմացաք, սպասեցիք, չէինք կարծում, որ այսքան խնդիրներ ձեզ համար կստեղծենք», - մեկնարկին ասաց ցուցադրման կազմակերպիչ Սերգեյ Ցելիկովը:

Ականատեսները երեկ սոցիալական ցանցերում նախ ահազանգեցին, որ պրեմիերայից րոպեներ առաջ Կինոյի տան լույսերն անջատվել են, Սերգեյ Ցելիկովի խոսքով էլ՝ երբ ժամեր անց արդեն հոսանքի գեներատոր էին գտել, դահլիճը հանկարծ լուսավորվեց։

«Մարդիկ անգամ Մոսկվայից էին եկել այդ ֆիլմը դիտելու, որովհետև Ռուսաստանում այն արգելված է։ Մենք կատակով ասում ենք՝ սա կինոյի ամենաթանկ տոմսն էր։ Երկու ժամ անց, երբ մենք բոլոր հնարավոր տեխնիկական միջոցներն ունեինք, ու ես սոցցանցերում գրեցի, որ կինոն այսպես թե այնպես կցուցադրվի, լույսերը տվեցին։ Հետաքրքիր պատահականություն էր։ Ես Ռուսաստանից եմ եկել, ու այնտեղ սա շատ տարածված պրակտիկա է, եթե ինչ-որ ոչ ցանկալի ստենդ ափ է կամ համերգ, լույսը պարզապես անջատում են, ես նույն սխեման եմ տեսնում»։

Կինոյի տնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Էլեկտրական ցանցերից բացատրել են, որ տարածքում մեծ վթար է եղել։ Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ հաճախ չեն լինում նման դեպքեր, երեկ սովորականից ավելի երկար տևեց մթությունը։ Մանուկյանն ընդգծեց, որ հարակից դահլիճում մեկ այլ ֆիլմ էր ցուցադրվում, որտեղ ևս մոտ 140 հանդիսատես սպասման մեջ էր։

Ռուս արվեստագետը, սակայն, վերապահումներ ունի, ակնարկում է՝ իրենց ֆիլմը քաղաքական ենթատեքստ ունի:

Ռուս-էստոնական «Մինսկ» ֆիլմը 2020 թվականի Բելառուսի արյունալի բախումների մասին է, որոնք սկսվեցին արդեն 28 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։

Ռեժիսոր Բորիս Գուցը պատմում է՝ երիտասարդ սիրահարներ Պաշան և Յուլյան գիշերը դուրս էին եկել փողոց, երբ ամենօրյա սովորական զբոսանքը վերածվեց դժոխքի, որտեղ անմեղ մարդիկ ոստիկանական կամայականության զոհն են դառնում։

«Զարմացած եմ, որ Հայաստանում անծանոթ մարդիկ վերևներում անհանգստացած են։ Ֆիլմն ազատության, սիրո մասին է։ Երևի որոշ մարդիկ երկար ձեռքեր ունեն, եթե փորձում են անգամ Երևանում խոչընդոտել ֆիլմի ցուցադրումը։ Սա ևս մի ապացույց է, որ մենք ճիշտ գործ ենք անում», - ասաց նա։

Պրոդյուսեր Անաստասիա Գուսեցովան ասաց, որ ֆիլմը շուտով նաև Թբիլսիում են ցուցադրելու։ Կատակում է՝ գեներատոր արդեն ունեն. «Սա ավելի մեծ իրարանցում առաջացրեց, ավելի մեծ հետաքրքություն ֆիլմի հանդեպ։ Սոցիալական ցանցերում քննարկվեց թեման, և Թբիլիսիի ժողովուրդն արդեն սպասում է ֆիլմին»:

Երեկ նախքան ֆիլմի ցուցադրությունը կազմակերպիչը՝ Սերգեյ Ցելիկովը, որ, ի դեպ, արդեն մի քանի այլ կինոմիջոցառումներ է անցկացրել Հայաստանում, այդ թվում՝ «Արտդոքֆեստը», դահլիճից ուշագրավ հայտարարություն արեց՝ հենց այս օրը սերտ շփում է ունեցել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Այսօր արդեն «Ազատությանը» պատմեց՝ հաջորդ շաբաթ ներկայացման պրեմիերա է լինելու՝ «Պառկեք, պարոն նախագահ» անունով։ Ռուս ռեժիսորը ենթադրում է՝ թերևս ներկայացման անունը ԱԱԾ-ին դուր չի եկել։

«Ներկայացման մեջ անգամ նախագահի անուն չկա։ Հիվանդանոցից մի բարձրաստիճան մարդու են բերում։ Ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ առավել ևս Հայաստանի նախագահի անունը չի հնչում։ Տոմսերի վաճառքի համար նախատեսած մեր ինտերնետ դոմեյնը փակեցին։ Կազմակերպություն, որը դա մեզ համար սարքել էր, ասաց՝ ԱԱԾ-ն է արել։ Սկզբից ես այցելեցի նրանց, դիմում գրեցի, որ ոչ մի «հեղաշրջում» չենք պատրաստվում անել, սա ընդամենը ներկայացում է։ Հաջորդ օրը երկու բարեկիրթ տղամարդիկ եկան ու մի կես ժամ հարցուփորձ արեցին՝ ո՞վ եմ, ի՞նչ եմ։ Նույն երեկո «Մինսկ» ֆիլմի ժամանակ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Սա մի շղթա է՞, թե՞ առաձին տարբեր դրվագներ՝ չգիտեմ»։

Ռուս արվեստագետը կատակում է՝ «հուսով եմ՝ հաջորդ շաբաթ ներկայացման ժամանակ ջրհեղեղ չի լինի», առաստաղը չի ընկնի, երգիծական ներկայացումը տրագիկոմեդիայի չի վերածվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG