Մատչելիության հղումներ

Իմ ընկերը և ես երևի գնանք Գորիս, որ միանգամից հենց ճանապարհը բացվի, գնանք Ստեփանակերտ. արցախցի ուսանող


Արցախցիները երթով շարժվում են դեպի ճանապարհի արգելափակված հատվածը՝ պահանջելու բացել ճանապարհը։ 24--ը դեկտեմբերի, 2022։
Արցախցիները երթով շարժվում են դեպի ճանապարհի արգելափակված հատվածը՝ պահանջելու բացել ճանապարհը։ 24--ը դեկտեմբերի, 2022։

ԵՊՀ ուսանողներ Սլավիկն ու Տիգրանը այսօր պետք է քննություն հանձնեին ու տուն մեկնեին՝ Ստեփանակերտում հարազատների հետ Ամանորը նշելու։ Բայց արդեն 15 օր է, ուշքն ու միտքը Լաչինի փակ միջանցքն ու շրջափակման մեջ հայտնված ծնողները, ընկերները, ազգակականներն են։

Սլավիկ Աղաբալյանն ասում է, որ ճամպրուկը հավաքած սպասում է՝ հենց ճամփան բացվի, առաջինն է մեկնելու։ Միջազգային հարաբերություններ ուսումնասիրող երիտասարդը տեղյակ է Եվրոպական դատարանի որոշումից, որով Ստրասբուրգը Բաքվից պահանջել է թույլ տալ նաև ճամփին մնացածներին տուն հասնել։ Ասում է՝ ժամանակվոր լուծումները տարբերակ չեն. - «Անգամ եթե էսօր կամ մոտակա օրերին էդ ճանապարհը բացվի, էդ չի նշանակում, որ խնդիրը լուծվելու ա։ Խնդիրը ամեն պարագայում մնալու ա, որովհետև ցանկացած ժամանակ նույն վտանգը լինելու ա»։

Արդեն կես ամիս 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս մարդկանցից բացի հարյուրավոր ուսանողներ ևս հայտնվել են անորոշ իրավիճակում։ Շատերն այստեղ հանրակացարաններում, վարձով բնակարաններում են ապրում. - «Մարդիկ կան, որ հունվարին պետք ա բանակ գնային, դեկտեմբերին տունը հանձնում են, բայց փաստորեն պարզվում ա, որ չեն գնում տուն, որ գնան բանակ։ Հիմա ոչ տուն ունեն, ոչ կարում են գնան Արցախ, որ իրենց գործերը շտկեն։ Էդ մարդկանց համար չգիտեմ ոնց կլինի, չեմ պատկերացնում»։

ԵՊՀ-ի մեկ այլ ուսանող, միջազգայնագետ Տիգրան Աղաջանյանն է անհանգիստ։ Փակուղային այս իրավիճակում շատ մտքեր գլխով չեն անցնում. չգիտի ինչպես օգնել հումանիտար ճգնաժամում հայտնած բարեկամներին։ Դեկտեմբրի 30-ին, ասում է, կգնա ու այնքան կսպասի Գորիսում, մինչև բացվի կյանքի ճանապարհը. - «Մենք չաթեր ունեն արցախցիներով։ Հիմնականում գնալու են Գորիս, իրենց ընկերների մոտ։ Իմ ընկերը և ես երևի գնանք Գորիս, այնտեղ սպասենք բացվելուն, որ միանգամից հենց բացվի, գնանք Ստեփանակերտ։ Մնացածներից ամեն մեկը փորձելու ա ամենամոտ իր հարազատին գտնի, թեկուզ Արցախից, թեկուղ Երևանից, իրա հետ նոր տարին անցկացնի, որ էդ պակասը լրացնի»։

«31-ին էլ եթե բացվի, անպայման կմեկնեմ Արցախ, որպեսզի էնտեղ նշեմ Ամանորը։ Ես այսօր կարող էի արդեն գնալ Արցախ», - ասում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողի Քրիստինա Հարությունյանը։

Նա այսօր հաջողությամբ հանձնել է վերջին քննությունը ու արդեն դեպի Արցախ ճանապարհին պետք է լիներ։ Փոխարենը երեկոյան պատրասվում է հերթական բողոքի ակցիային մասնացել Երևանում. - «Ես կցանկանամ, որ ինչպես եղել է, թեկուզ 2020 թվականից հետո ինչպես մենք կարողանում էինք գալ, այսինքն՝ էնտեղ էին մենակ ռուս խաղաղապահների անցակետերը, միայն դրանցով անցնեինք, այլ ոչ թե մեզ դնեն ինչ-որ սահմանների մեջ, ասեն՝ դուք ունեք տասը օր, գնացեք, վերադարձեք... ինչ-որ նմանատիպ բաներ։

Քրիստինան ասում է, որ սովորել են ապրել վտանգի, անորոշության մեջ, սա էլ կհաղթահարեն։

Իմ ընկերը և ես երևի գնանք Գորիս, որ միանգամից հենց ճանապարհը բացվի, գնանք Ստեփանակերտ. արցախցի ուսանող
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

XS
SM
MD
LG