Մատչելիության հղումներ

Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ չի տեղադրվելու. Արցախի ԱԱԾ


Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են, հայտարարում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած տեսանյութին։ Դրանում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։

Արցախի ԱԱԾ-ն, մինչդեռ, պարզաբանում է. «Հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու, և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ՝ նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»:

Մինչդեռ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, որ գեներալ-մայորը շաբաթ օրը Շուշիի մերձակայքում միջադեպի ընթացքում ադրբեջանցի լրագրողներին ասել է, որ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։

Շաբաթ օրը Բաքուն մասնագետների խումբ էր ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր, ինչպես պնդել էին, «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Ադրբեջանական այս խմբի այցի հետևանքով այդ օրը մոտ 4 ժամ փակ էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, քանի որ նրանք հենց ճանապարհի մեջտեղում էին բանակցում ռուս խաղաղապահների հետ։

Ադրբեջանական կողմը մտադիր է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը մտադիր է փակել Լաչինի միջանցքը։ Երևանից առաջին անգամ չէ, որ հնչում է այս պնդումը. շաբաթներ առաջ նաև վարչապետն էր ասել, որ Բաքուն մտադիր է փակել միջանքն ու շրջափակել Արցախի հայերին։

Վոլկովի և ադբեջանցիների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այսօր ասուլիսում ոչինչ չասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որին հարց ուղղեցին ադրբեջանցիների «բնապահպանական մտահոգությունների մասին»։

«Այո, մենք այդ թեմային անդրադարձել ենք։ Արձանագրել ենք, որ ադրբեջանական ներկայացուցիչները աշխատանք են տանելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչների հետ ինչպես բոլոր մյուս դեպքերում։ Հարցերը, որոնք ծագում են մեր ադրբեջանցի գործընկերների մոտ եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների իրականացման շուրջ, մեզ համար առաջնահերթ են։ Այդ հարցերով մեր զինվորականները զբաղվում են», - ասել է նա։

Ստեփանակերտը պատրաստ է միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը գնահատելու համար

Այսօր օրվա առաջին կեսին Ստեփանակերտը հայտարարեց, որ պատրաստ է միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը գնահատելու համար, միևնույն ժամանակ ընդգծեցին՝ Արցախի բնապահպանության կոմիտեն պատշաճ վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Բաքուն չէր հստակեցրել, թե ինք հանքի մասին է խոսում, սակայն Արցախի պետնախարարի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ենթադրել էր՝ նկատի ունեն Մարտակերտի շրջանի Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում «ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները քննարկումներից հետո որոշել են նաև բնապահպանական մոնիթորինգի համար ճանապարհային քարտեզ մշակել»։ Այս մասին պարզաբանում չկա ոչ խաղաղապահների կողմից, ոչ Ստեփանակերտից։

Բաքուն փորձում է անցակետ տեղադրել այդ ճանապարհին, ինչի համար պայքարը վաղուց է սկսել. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Բաքուն այժմ փորձում է անցակետ տեղադրել այդ ճանապարհին, ինչի համար պայքարը վաղուց է սկսել. «Գլխավոր նպատակը այդ ճանապարհին անցակետ տեղադրելն է, և մեծ հաշվով դա այն հատվածն է, որտեղ հնարավոր է որևէ անցակետ տեղադրել, որովհետև միայն ճանապարհի այդ հատվածում կա ադրբեջանական ներկայություն և նույնիսկ ռազմական ներկայություն: Եթե Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհորդեք, կտեսնեք, որ հենց այդ հատվածում, որտեղ տեղի է ունեցել միջադեպ, կա ցանկապատ, և ցանկապատի այն կողմում կանգնած են զինված ադրբեջանցիներ, այսինքն՝ դա ամենահարմար վայրն է, որպեսզի ինչ-որ անցակետ տեղադրեն, կամ ինչ-որ սադրանքներ իրականացնեն, և այո, կարծում եմ՝ վերջնանպատակը հենց դա է, որպեսզի ադրբեջանական անցակետ տեղադրվի այդ ճանապարհին»:

Քաղաքագետի խոսքով՝ սա հակասում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությանը, ինչը, սակայն, Բաքվին քիչ է հուզում։

«Այս բոլոր մեղադրանքները հայկական կողմին ուղղված, որ զենք-զինամթերք է տեղափոխում, և նմանատիպ այլ մեղադրանքներ արվում են հենց ցույց տալու համար, որ հայկական կողմն է խախտում, որ ռուսական կողմն է խախտում պայմանավորվածությունը, ուստի իրենք ևս արդեն կարող են ինչ-որ փոփոխություններ մտցնել այդ պայմանավորվածության մեջ», - ասաց Տիգրան Գրիգորյանը:

Շաբաթօրյա միջադեպին հպանցիկ անդրադարձել է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինել։

XS
SM
MD
LG