Մատչելիության հղումներ

Իրավապահները քննում են՝ արդյոք Բրյուսովի ռեկտորի ընտրություններն ուղեկցվել են խուլիգանությամբ


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններից երկու շաբաթ անց իրավապահները քննություն են սկսել՝ պարզելու, թե արդյո՞ք ընտրությունները ուղեկցվել են խուլիգանությամբ, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ էլ կեղծիքներ են եղել։

Գլխավոր դատախազությունը սակայն չի մանրամասնում, թե ինչ խուլիգանություն է տեղի ունեցել և ում կողմից։ Հոգաբարձուների նիստի ժամանակ ի՞նչն է կեղծվել, արդյո՞ք իրավապահները նկատի ունեն քվեարկության արդյունքները, ըստ որոնց վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը, բացի դասախոսական ու ուսանողական շրջանակից, ևս երկու ձայն ստացել էր կառավարության ու նախարարության ներկայացուցիչներից։ Չի հաղորդվում, թե արդյո՞ք իրավապահները նաև այս քվեարկությունն են դրել կասկածի տակ։

«Անկեղծ ասած, ես էլ առավոտյան պատահական մամուլից իմացա էս ամեն ինչի մասին, մեր համար էլ շատ հարցեր անհասկանալի են։ Որպես քաղաքացի, որպես մարդ, մի բան գիտեմ, որ սա ուղղակի հետապնդման ձև է, սա մի տարբերակ է՝ չհաստատելու ռեկտորի ընտրության արդյունքները։ Այլ բան անկեղծ չեմ տեսնում։ Միգուցե, եթե ապագայում ինչ-որ բան կասեն, դրա շուրջ կխոսենք, բայց այս պահին ուրիշ բան ասել չեմ կարող», - «Ազատությանը» փոխանցեց համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին, թեկնածուները՝ երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայն պակաս էր ստացել։

Կարինե Հարությունյան, Դավիթ Գյուրջինյան
Կարինե Հարությունյան, Դավիթ Գյուրջինյան

Այժմ, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Կրթության և գիտության նախարարությունից, ողջամիտ ժամկետում պետք է Կառավարություն դիմեն՝ Կարինե Հարությունյանի վերընտրությունը հաստատելու համար։

Վերջինս այսօր չցանկացավ մեկնաբանել իրավապահների հայտարարությունը։ Մինչ այս, պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը պնդում է՝ իրավապահները բուհ չեն եկել, որևէ մեկին չեն հարցաքննել։

«Բացարձակ միջադեպ չի եղել, ընտրություն արդյունքները հաշվող Հաշվիչ հանձնաժողովի նախագահը եղել է այսօրվա կրթության նախարարը, որն այն ժամանակ նախարարի տեղակալն էր, ինքն է եղել Հաշվիչ հանձնաժողովի նախագահը, ինքն է ստորագրել արձանագրությունները Հաշվիչ հանձնաժողովի, ինքն է հրապարակել։ Ես համոզված եմ, որ որևիցե խախտում չի հայտնաբերվելու, որովհետև, ճիշտ է, դահլիճում չեմ եղել, միջանցքներում եմ եղել, ու որևիցե արտառոց բան չի եղել, ոչ մի բան էդ պահին չի արձանագրվել, ֆիքսվել, իսկ ներկայացուցիչների խորհրդի անդամների 50 տոկոսը դրսից են եղել։ Այնպես որ, այո՛, կարծում եմ, որ, միանշանակ, ռեկտորն էլ պետք է պայքարի իր իրավունքների համար, մենք էլ՝ բոլորս էլ մեր համալսարանը պաշտպանելու», - ասաց Ակոպյանը։

Բրյուսովի համալսարանի շուրջ կրքերը թեժացան ամիսներ առաջ, երբ կառավարությունը հայտնեց այն երկու այլ բուհերի հետ միավորելու մտադրության մասին։ Գործող ռեկտորն ու իր թիմը, նաև շատ ուսանողներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին սրա դեմ։ Ռեկտորի վերընտրվելուց օրեր անց էլ պաշտոնից ազատվեց կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանը։ Բրյուսովում նախարարի հրաժարականը կապեցին հենց ռեկտորի ընտրության հետ՝ պնդելով, թե պատճառն այն է, որ իշխանություների համար անցանկալի թեկնածուն ընտրվեց։

«Դասախոսական կազմը և ուսանողությունը պատրաստ են դուրս գալ պայքարի՝ պաշտպանելու իր բուհը։ Պաշտպանելու ոչ թե այս կամ այն անձին, որովհետև սա անձերի խնդիր չի, սա բուհի պաշտպանության հարցն է։ Եվ խորհուրդ կտամ էդ մարդկանց, եթե նպատակը դա է, իզուր մի արեք։ Որովհետև իզուր տեղը նոր կրքեր են բորբոքվելու։ Եթե այլ բան կա, թող արդեն դատախազությունը պարզի, հասկանան ինչի մասին է խոսքը», - նշեց Ակոպյանը։

Ցոլակ Ակոպյան
Ցոլակ Ակոպյան

Մինչ բուհում հավաստիացնում են, որ ամեն ինչ հարթ է ընթացել, ընտրությունների օրը Հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել՝ պնդելով, թե ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյել էր այդ ժամանակ դեռ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանին։ Արդյո՞ք իրավապահները այս միջադեպն են որակել խուլիգանություն։ Դեռևս պարզ չէ։

Իր հերթին ռեկտորի թեկնածու, Լեզվի պետական կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, պատճառաբանելով նախաքննությունը, չցանկացավ ասել՝ ինքը խախտումներ տեսե՞լ է, թե՞ ոչ։

Բացի ռեկտորի ընտրության շուրջ քննությունից, բուհը նաև Պետական վերահսկողական ծառայության ուշադրության թիրախում է։ Այժմ ռեկտորի սեղանին է ծառայության ուսումնասիրությունը, ըստ որի պետական միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ Եթե ռեկտորի բացատրությունները չբավարարեն վերահսկողական ծառայությանը, չի բացառվում, որ ուսումնասիրությունն ուղարկվի իրավապահներին՝ քրեական վարույթ հարուցելու համար։

Իրավապահները քննում են՝ արդյոք Բրյուսովի ռեկտորի ընտրություններն ուղեկցվել են խուլիգանությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

XS
SM
MD
LG