Մատչելիության հղումներ

«ԿԳՄՍ նախարարը պաշտոնից ազատվել է Բրյուսովի ռեկտորի վերընտրվելու պատճառով». դեկան


Վահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան

Կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանն այսօր ազատվել է պաշտոնից։ Նախարարությունից չեն պարզաբանում, թե ինչն է պաշտոնանկության պատճառը։ Դումանյանն էլ մեր զանգերին չի արձագանքում։

Ի՞նչն է ստիպել նախարարին ազատման դիմում գրել։ Պատճառներից խոսում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։ Պատահական չեն համարում, որ այն հաջորդեց ռեկտորի ընտրությանը։

«Ես միանշանակ կապում եմ նախարարի հրաժարականը էս գործընթացների հետ», - «Ազատությանն» ասաց Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

Նրա պնդմամբ՝ Դումանյանին պատժեցին, որովհետև վերընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն՝ Կարինե Հարությունյանը. - «Նախարարությունը իր անձնական խնդիրն էր դարձրել էս ընտրության հարցը, ու ենթադրություններս շատ հիմնավոր են իրականում։ Այո, կարծում ենք, որ պատճառը հենց ընտրությունն է»։

Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին։ Առաջադրվել էր նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնով զիջել է գործող ռեկտորին։

Ցոլակ Ակոպյանը պնդում է՝ նախարարության խնդիրն էր անցկացնել այս թեկնածուին, քանի որ Գյուրջինյանը կողմ է Բրյուսովի, Մանկավարժականի ու Ֆիզկուլտինստիտուտի միավորմանը։

«Ընդհանրապես խոշորացմանը դրական եմ վերաբերում։ Դա հստակ է», - «Ազատությանն» ասաց նա։

Իսկ վերընտրված Կարինե Հարությունյանն ու համալսարանի ուսանողները, դասախոսները ակտիվ պայքարում են այդ ծրագրի դեմ, որը կառավարությունը նախատեսել էր այս տարի ավարտել։

Ի՞նչ կապ ունի իմ պարտության հետ նախարարի հրաժարականը, զարմանում է Դավիթ Գյուրջինյանը. - «Ես ինքնաառաջադրվել եմ, իշխանության թեկնածու ասածը ելնում են նրանից, որ ես Լեզվի կոմիտեի նախագահն եմ, ևպաշտոնյա եմ։ Բայց դա դրա հետ կապ չունի, բայց կապ չունի»։

Բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Ցոլակ Ակոպյանը շեշտում է, որ Անդրեասյանը դեռ աշնանն էր ռեկտորի մրցույթի հայտարարությունն անիմաստ համարում, քանի որ բուհերը միավորվելու են. - «Եղել է հետևյալ պատասխանն իր կողմից՝ իմաստ չկա, մենք հիմա նախագիծ ենք շրջանառում, շատ արագ որոշում է կայացվելու, ու միավորում է տեղի ունենալու»։

Հոգաբարձուների խորհրդի քսան անդամներից տասը դասախոսական ու ուսանողական շրջանակից են, մյուս տասը՝ կառավարության ու ԿԳՄՍ նախարարության։ Կարինե Հարությունյանի օգտին քվեարկել է 12 հոգի, այսինքն՝ երկու հոգի քվեարկել է կառավարության ու նախարարության ներկայացուցիչներից։

«Թող նախարարությունը մտածի, թե ինչպես է այդ ձայները եղել։ Համենայն դեպս, մեզ մոտ կա որոշակի վարկածներ, թե ինչու այդպես եղավ»։

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է։ «Ազատության» տեղեկություններով, նա էլ է պաշտոնից ազատվել։ Համբարձումյանի ինը հոգանոց աշխատակազմից որևէ մեկը աշխատանքային ժամերին չպատասխանեց մեր զանգերին։ Փոխվվարչապետի պաշտոնանկության մասին պաշտոնապես դեռ չեն հայտարարել։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Մաթևոսյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում էր մեկ ամիս առաջ, երբ վերահաշվարկի արդյունքում նա դուրս մնաց իշխող կուսակցության ղեկավար մարմնի նորընտիր կազմից։ Թե ով կփոխարինի հրաժարական տված Վահրամ Դումանյանին, դեռ հայտնի չէ։ Նա կրթության ոլորտը ղեկավարում էր 2020 թվականից։

XS
SM
MD
LG