Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է միավորել Բրյուսովը, մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը, Բրյուսովում դեմ են


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը մտադիր է միավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը։ Նույնիսկ նախագիծն են մշակել՝ առանց քննարկելու Բրյուսովի ղեկավարության հետ, «Ազատությանն» ասաց համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

Բուհի օպտիմալացման մասին Բրյուսովում նախօրեին հոգաբարձուների խորհրդի նիստում են տեղեկացել, երբ քննարկում էին ռեկտորի ընտրության հարցը։

«Այո՛, կա արդեն նման փաստաթուղթ, տասը օր է շրջանառվում է, գաղտնի, առանց բուհին հաշվի առնելու, 21-րդ դարում մեր ժողովորդավար իշխանություններն ուզում են էս խնդիրը լուծել», - ասաց Ակոպյանը։

Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է, խորհրդի անդամներից է կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Դեկանի փոխանցմամբ, կառավարության ներկայացուցիչները նիստին համարել են, որ տեղին չէ ռեկտորի ընտրության օրակարգը, քանի որ, ըստ Ցոլակ Ակոպյանի, մինչև այս ամսվա վերջ պետք է սկսվի միավորման գործընթացը։

«Ես էլ իրենց հարց եմ ուզում տամ՝ եթե փրկում եք մանկավարժությունը, միավորեցիք Բրյուսովը և ֆիզկուլտը, դրանով սահմանամերձ համայնքի համար ֆիզիկայի ուսուցիչ գտնելո՞ւ եք», - ասաց Ակոպյանը։

Կառավարությունը բուհերի օպտիմալացման մասին վաղուց է խոսում։ Սեպտեմբերի 1-ին էլ վարչապետ Փաշինյանը դարձյալ խոսեց բուհերի կրճատման, ընդամենը ութը թողնելու ու Աշտարակում ակադեմիական ավան ստեղծելու մասին։ Հետո այս թեմայով պաշտոնական ավելի մանրամասն տեղեկություններ չեղան։

Բրյուսովում տարակուսած են՝ ինչո՞ւ է կառավարությունը միավորում ուսանողների թվով առաջատար դիրքեր ունեցող բուհը։ Հիմնավորումները դեռ չեն լսել։ Երեկ, երբ Ցոլակ Ակոպյանը խորհրդի նիստից հետո հրապարակեց կառավարության նախագծի մասին, ուսանողները դասադուլ արեցին։

«Մենք Բրյուսովը չենք տալու», - ասում էին ուսանողները։

Բրյոսովի անվան լեզբվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ելույթ ունենալով ուսանողների կազմակերպած ցույցում, ասաց՝ դեմ են 90 տարվա պատմություն ունեցող բուհը միավորվի որևէ այլ բուհի, կոչ արեց վերադառնալ լսարաններ ու անցնել բովանդակային քննարկումների։

«Մեր համալսարանը մեծ հեղինակություն վայելող համալսարան է, և մենք չենք ցանկանում, որպեսզի Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևիցե այլ համալսարանի հետ՝ որևիցե սցենարով», - ասաց ռեկտորը։

Այսօր բոլոր ամբիոնները նիստեր են գումարելու, ասաց դեկան Ցոլակ Ակոպյանը, հրավիրելու են կրթության նախարաին ու փոխվարչապետին։

Կրթության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս հարցը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոստացավ բուհերի միավորման մասին ավելի ուշ խոսել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG