Մատչելիության հղումներ

«Հարկավոր է փրկել 120 հազար արցախահայերին»․ ի համերաշխություն արցախահայության կոչ Ֆրանսիայից


Հարկավոր է փրկել 120 հազար արցախահայերին․ Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության, տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Նրանք ուշադրություն են հրավիրել արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։

«Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն։

2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների, այդ թվում` նաև երեխաների, կյանքը վտանգված է:

Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին:

Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին», - մասնավորապես, ասված է հայտարարությունում:

Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG