Մատչելիության հղումներ

Նոր հույս անհետ կորած զինվորների ծնողների համար


Արդեն երկու տարի որդուն փնտրող Գալուստ Սարոյանն ու նրա բախտակից մի քանի ծնողներ այսօր դիմել են ԱԱԾ տնօրենին, որը երկու ամիս առաջ նշանակվել է գերիների ու անհայտ կորածների խնդրով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովի նախագահ։ 44-օրյա պատերազմի ժամանակ գործող նմանատիպ հանձնաժողովի գործունեությունը կասեցնելուց հետո վարչապետի որոշմանբ ստեղծվել է նորը։ Այն պետք է աջակցի գերիների, պատանդների և անհայտ կորածների որոնողական ու վերադարձնելու աշխատանքներին։

«Իմ տղուս բերեք տվեղ ինձ։ Ձեր օգնելը ձեզ մնա... Բայց ես, վստահելով էս նվիրվածությանը, էս հանձնաժողովի տարբերակին, մեր հույսն ու ապավենն է էն է, որ... վերջի հույսերս իրանք են։ Իրանց կողմից որ մենք զգացինք խաբված ենք, նշանակե գը մեր երեխեքը անմահացան, մենք էլ մահացանք», - ասում է Գալուստ Սարոյանը։

Շիրակի մարզից այսօր մայրաքաղաք հասած Սարոյանը այն ծնողներից է, որ մինչ օրս էլ չի հավատում պաշտոնական տեղեկատվությանը, թե որդին զոհերի մեջ է։ Նա հավատացած է՝ պատերազմում կռված ժամկետային զինծառայող որդին գերի է, թեև նրա անունը չկա հաստատված գերիների ցանկում։ Հիշում է՝ որդին վերջին անգամ սեպտեմբերի 30-ին էր զանգել ու ասել, որ շրջափակման մեջ են։ Դրանից հետո տղայի հետ կապվել չեն կարողացել. - «Իմ էրեխու թշին կա հինգ սանտիմետր երկարությամբ խալ։ Պարզվեց, որ էդ մարմինը էրկու կողմն էլ ունի թրաշ։ Բայց իմ տղու մենակ խալն էր դեմքի վրա, մազեր չէր աճում էրեխու դեմքին։ Որ էկավ օտպուսկ, իրա աջ ու ձախ ատամները քաշեց։ Էդ մարմինը ես նայել եմ, սաղ ատամները տեղը»։

Էլ դռնեդուռ չենք ընկնի, չենք մերժվի, ժամերով այս կամ այն պաշտոնյայի աշխատասենյակի առջև չենք սպասի, ասում են ծնողները։ Երկու տարի շարունակ քուն ու դադար կորցրած այս մարդկանց համար հանձնաժողովը նոր դուռ է բացել՝ վերջ դնելու անորոշությանը։

«Բոլոր ծնողներով տեղեկություններով, տվյալներով, բոլոր հարցերը կենտրոնացրել ենք և տրամադրել ենք իրանց։ Էն որ մեր լեզվով ասում են՝ ծամել-տվել ենք, մնում ա, որ կուլ տան։ Էդ էլ կուլ տվեք, դժվար չի կուլ տալը, բերեք մեր էրեխեքին», - ասում է Հայկ Նահապետյանը։

Նրան ի սկզբանե հաղորդել էին, թե որդու դին նույնականացվել է, սակայն հետո ասել են, թե թյուրիմացություն է եղել՝ աճյունն իր որդունը չէ. - «Էրեխաս եղել է տասնութ տարեկան, ինձանից ո՞նց կարա ըլնի էս էրկու մետրից... Վերջում էլ տեսան՝ չէ, չեղավ, ասին՝ թյուրիմացություն ա էղել»։

Արմեն Մելքոնյանը ևս սպասելիքներ ունի նոր հանձնաժողովից, նա ևս չի հավատում, որ որդու աճյունը նույնականացվել է։ Հայրն իր փաստարկներն ունի՝ որդու լուսանկարը ադրբեջանցի օգտատեր է հրապարակել համացանցում։ Հույս ունի, որ անորոշությանը վերջ կտրվի. - «ԱԱԾ-ն երկրորդ օրը զանգեց, ասեց, որ քու տղեն ա էդ նկարը։ Ամիս ութ օր քննչականով գնաց փորձաքննություն, էլի հաստատվավ, որ իմ էրեխեն ա։ Քարամյանի հանդիպման վախտ որ էդ հարցը ծնողը տվեց, ասեց՝ մարդիկ իրանց պատճառները ունեն չհավատալու.. Ես էլ իրան հարց տվի, ասի՝ ես նկար ունեմ, հաստատվել ա, որ իմ էրեխեն ա գերության մեջ, ասի՝ կարա՞ս մի հատ ցույց տաս Քարամյանին։ Ինքը ման էկավ նկարը, մեկ էլ սենց արեց՝ ճիշտ ա, իրանց էրեխեն ա, բայց իրա ու իրա կնոջ հետ համընկնում կա։ Ես էլ ասեցի՝ իմ կինը որ ԴՆԹ չի տվել, էդ ո՞րտեղից համընկնում էղավ»։

Գոհար Դավթյանի դեպքում երևանյան հետազոտության տվյալները հերքել է ռուսաստանյան գենետիկական կենտրոնը՝ մասունքների հետ զրո համընկնում թե՛ իր, թե՛ մյուս որդու հետ. - «Իմ փաստաբանը հարցում ա արել... պատասխան տվեցին փաստաբանին երեք հարցումից հետո, որ մենք երբևցի սխալ, թերի ԴՆԹ-ի պատասխան չենք տվել»։

Նորաստեղծ հանձնաժողովի կազմում են նաև հասարակական կազմակերպություններ. դրանցից «Լույսի ճրագ» կազմակերպության ղեկավար, եղբոր որդուն որոնող Արսեն Ղուկասյանը հույս ունի, որ այս հանձնաժողովը կտա իրենց գլխավոր հարցի պատասխանը՝ որտեղ են տղաները. - «Դուք ավտոմատ էի՞ք ձգում, արհեստակա՞ն էին ձգում պրոցեսը... ի՞նչ նպատակով, խի՞... Այ էդ հարցերը այսօր պետք ա էդ հանձնաժողովի մեջ լուծվի, որ արդեն Բիշարյանը չի կարա... Ճիշտ ա, Բիշարյանն էլ էդ հանձնաժողովի անդամ, բայց Բիշարյանն արդեն ինձ և մնացած ծնողներին չի պատասխան տալու, պատասխան ա տալու արդեն հանձնաժողովի ղեկավարին»։

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է ավելի քան 200 զինվորի ճակատագիր։

XS
SM
MD
LG