Մատչելիության հղումներ

Բերքի մթերման խնդիրներից հիասթափված խաղողագործները չեն ցանկանում շարունակել այս գործը


Քանդված այգիներ, ձմռանը չծածկված խաղողի վազեր ու վաճառքի ցուցանակներ. աշնանը բերքի մթերման խնդիրներից հիասթափված բազմաթիվ գյուղացիներ չեն ցանկանում շարունակել այս գործը ու հույս էլ չունեն, թե եկող տարի մի բան կփոխվի:

«Հարգելով ինձ՝ արժեք ունեմ, չեմ կարում էլ ցածրանամ, հնարավոր չի էլի: Ամեն ինչի մեջով պիտի անցնես, որ էտ մի կիլոգրամ խաղողը հանձնես, որ քո տունը պահես, բայց իմաստ չեմ տեսնում այս պահին», - ասում է Արմավիրի Բերքաշատ գյուղից Սամվել Մաթևոյանը:

Նա խաղողի երկու այգիներն արդեն քանդել է, վազերի բետոնե ամրակները վաճառել է, լարերն էլ խորդանոցում տեղավորել. «Էդ 8 հեկտարը շատ դժվար էր իմ համար, որովհետև ես մի կյանք դրել էի, վարկեր էի վերցրել պետությունից, անտոկոս փողեր տվին, թազա այգի էլ էի հիմնել»:

Այս տարի ևս մթերման ամենաակտիվ սեզոնին գյուղացիներն անդադար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ու ահազանգում՝ գործարաններն իրենց բերքը չեն գնում, խաղողը վազերի վրա փչանում է։

Չէր վաճառվում հատկապես կոնյակի սպիրտի համար մշակվող սորտերի խաղողը, որը ցածրարժեք է համարվում։ Ահազանգերից ու բառացիորեն դռնեդուռ ընկնելուց հետո, ի վերջո, բերքը վաճառեցին, սակայն, ինչպես պնդում են, ինքնարժեքից էլ ցածր գնով՝ այսինքն, անգամ ծախսերը չեն հանել։ Այդ շրջանում շատերն ավելի բարկացան ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարի խոսքերից, որը տուժած գյուղացիներին հորդորել էր այլ աշխատանքով զբաղվել։

«Դու գյուղացուն ասում եք՝ տաք ջուր շարեք, դու էլ արի, հետս ցեխ շաղի, տղա ջան», - ասում է գյուղացիներից մեկը:

Այս իրադարձություններից ամիսներ անց կրքերը փոքր-ինչ մարել են։ Փորձագետներն ու ոլորտին քաջատեղյակ անձինք այժմ փորձում են հասկանալ՝ ինչ է լինելու հետագայում։ Բողոքի ալիքի շրջանում ստեղծված Արարատի մարզի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանն ասում է՝ հիասթափությունը համատարած է:

«Տնտեսության էդ ճյուղն արդեն իսկ իմ կարծիքով՝ գրեթե ոչնչացման եզրին է կանգնած», - նշեց նա:

Սիմոնյանի կարծիքով՝ պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի գլխավոր պատճառը պետական վերահսկողության պակասն է։ Ասում է՝ կառավարությունը երկար տարիներ սուբսիդավորել է ոլորտը՝ գումարներ հատկացրել, բայց չի հսկել, թե դրանք ինչպես են ծախսվել։ Խնդիրները կուտակվել են՝ հետևանքն էլ անդառնալի կարող է լինել. «Ո՞նց եղան այդ սուբսիդիաները, ո՞ւր գնացին այդ գումարները, ինչ ուղղությամբ դա ծախսվեց: Ըստ էության, ես չեմ տեսնում այդ վերահսկողության մեխանիզմները: Հիմնական պատճառը ես այս պահին դա եմ տեսնում: Կան որոշակի արտաքին շուկաներում էլ խնդիրներ, դա ես ընդունում եմ»:

Խնդրին Էկոնոմիկայի նախարարն օրերս «Ազատության» եթերում անդրադարձավ՝ բաց տեքստով ասելով՝ օժանդակություն սպասել պետք չէ:

Խաղողի այգիները քանդելու անմխիթար տեսարանների մեջ Քերոբյանը որևէ խնդիր չի տեսնում. «Շատ նորմալ ա, որ մարդիկ քանդեն իրենց էն այգիները, որտեղ աճում է բերք, որը ցածրարժեք է և փոխարենը տնկեն այլ այգի, որը բարձրարժեք բերք կտա»:

Արսեն Սիմոնյանն ընդգծում է՝ եղածից հրաժարվելուց հետո նորը չստեղծելը մեծ խնդիրների է հանգեցնելու։ Արձագանքելով նախարարի հայտարարությանը, թե խաղողագործության ապագան տեսնում են արտադրողականության մեծացման՝ այսինքն՝ խոշորացման ճանապարհով՝ խաղողագործը շեշտում է՝ եթե պատասխանատուները այս ճանապարհն են նախանշում, ապա պետք է աստիճանաբար գնային դրան, փուլ առ փուլ՝ համատարած դժգոհության ալիք չբարձրացնելով:

«Երբ որ մարդ ինչ-որ այգի է հիմնում, նա դրա մեջ դնում է իր կյանքի մի մասը, ու ամեն անգամ նոր պաշտոնյայի կողմից նոր գաղափարների գեներացման արդյունքում որ ստիպված պիտի լինի այդ այգին հիմնի, նա խորը հիասթափություն է ապրում, ու դա նաև կնպաստի թե արտագաղթին, թե հետագայում ինչ-որ նոր գործունեություն ծավալելու վճռականությունը կբացակայի այդ մարդու մոտ», - ասում է նա:

Խաղողագործները այժմ չգիտեն ինչ անել։ Կառավարությանը մեկ հարց ունեն. «Վերջը մենք հաջորդ տարի մշակություն իրականացնե՞նք, թե՞ չիրականացնենք»:

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է՝ իրենք գյուղացիներին հիմա հորդորում են փոխել իրենց այգիների տեսակները, այժմ խրախուսում են ավելի բարձր որակի խաղողի մշակումը։ Առաջարկին պատասխանը շատ հակիրճ է. «Երաշխիք տալի՞ս է, որ մի քանի տարի հետո էլ գինեգործության հետ կապված մենք խնդիր չենք ունենալու: Ես վստահ եմ, որ ոչ մեկն էլ երաշխիքները չի տալիս»:

XS
SM
MD
LG