Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում «տեղյակ են Լաչինի հարցով բողոքի ակցիայից ու պահանջներից»


Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև երեք օր նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդականին ու Մարդու իրավունքների պաշտպանին այսօր երեկոյան ընդունել է գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատարը։ Շուրջ 20 րոպե տևած հանդիպումից հետո Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ միջազգային կառույցի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իրենց հայտնել է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղյակ են բողոքի ակցիայից ու նաև իրենց պահանջներից։

«Մենք պայմանավորվեցինք, որ էլեկտրոնային վերջնական տարբերակով գրավոր մեր դիրքորոշումները, մեր պահանջները կփոխանցենք իրենց, իրենք դա էլ կփոխանցեն կենտրոնակայան Նյու Յորքի, և այդ հարցերը երբ քննարկվեն, և ինչ-որ մի որոշում լինի, մեզ տեղյակ կպահեն», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ իրենք մի շարք հարցեր են բարձրացրել, այդ թվում՝ ինչո՞ւ չի արձագանքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը Արցախում ստեղծված ճգնաժամին, և ինչպես կարող են ՄԱԿ-ի տարբեր մարմիններ առաքելություն իրականացնել Արցախում։

«Խոշոր առումով նրա պատասխանն այն էր, որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, իրենք ուղղակի փոխանցում են մեր դժգոհության ձայնը և մեր պահանջները, ավելին իրենք չեն կարող անել, նույնը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասով, իրենք ասում են, այսինքն՝ տիկին Վեգանդը նշեց, որ այդ մարմիններն անկախ են, այսինքն՝ այստեղի հետ կապ չունեն, և իրենք առանձին են իրենց որոշումները կայացնում, բայց նաև համոզմունք հայտնեց, որ իհարկե, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը շատ տեղեկացված է Արցախի իրավիճակի մասին: Մեզ համար սա շատ տարակուսելի էր, որ հինգ օր շարունակ, բնականաբար տեղեկացված է, որովհետև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ է հայտարարություն արել, այդքանով հանդերձ դեռևս որևէ արձագանք, հրապարակային անդրադարձ նրա կողմից չկա», - նշեց նա:

Արցախցի պետնախարարի խորհրդականը ՄԱԿ-ից ակնկալում է միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը հայտարարում են՝ նստացույցը, սակայն, կավարտեն, երբ Արցախն ապաշրջափակվի։ Մինչ այդ նրանք էլ մեքենաների համար շրջափակված են պահում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը։

«Մեր այստեղ ներկայությունը շատ կարևոր ճնշման ու կարևոր մեսիջը փոխանցելու ձև է, այսինքն՝ այս ձևաչափը շարունակել, որպեսզի իրենք էլ իրենց վրա ճնշում զգան ու դա փոխանցեն Նյու Յորք անընդհատ», - ասաց Գեղամ Ստեփանյանը:

Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն արդեն 5 օր է՝ փակ է. ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Երևանում Լաչինի միջացնքի բացման պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքի մասնակիցներին նաև օտարազգիները միացան։

XS
SM
MD
LG