Մատչելիության հղումներ

Արցախում գազամատակարարումը վերականգնվել է միջազգային ճնշման արդյունքում. Արտակ Բեգլարյան


Արցախում գազամատակարարումը վերականգնվել է միջազգային ճնշման արդյունքում, համոզված է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Արդեն երեք օր ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող արցախցի պաշտոնյան ասում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու գազամատակարարման անջատումը միջազգային զգալի արձագանք են առաջացրել։

«Բնականաբար, ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ և տարբեր միջազգային կառույցներ, ի դեպ, նաև ՄԱԿ-ը, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն էր, բնականաբար, միջազգային ճնշման դրսևորում և տարբեր պետություններ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն հայտարարություններով հանդես են եկել, ու տեղյակ եմ, նաև երևում է, որ ներքին ճնշում էլ կա: Չհաշված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարությունը, որ միջանկյալ ակտը, որ մինչև երկուշաբթի օրը ժամանակ են տվել տեղեկություններ տալու ՄԻԵԴ-ին, թե Ադրբեջանը ինչ է կատարել այս հրատապ մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու ուղղությամբ», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Սակայն, ըստ նրա, Արցախի շուրջ 120 հազար բնակիչները ցանկացած պահի կարող են կրկին զրկվել կապույտ վառելիքից. գազատարի զգալի մասը Ադրբեջանին անցած տարածքներում է. «Ունի փական դրած մարտից դեռևս, և այդ փականը ցանկացած պահի իրենք կարող են անջատել, կարող են միացնել, դա կարող է լինել այսօր, կարող է լինել հունվարի մեկին կամ մեկ այլ ժամանակ»:

Բոլոր ուղղություններով պետք է ճնշումը շարունակել Բաքվի նկատմամբ ոչ միայն կարճաժամեկտ, այլ նաև երկարաժամկետ խնդիրների լուծման համար, ասում է Բեգլարյանը։ Միջազգային երկարաժամկետ երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում արցախցի պաշտոնյան։

«Դա կարող է լինել ռուս խաղաղապահներ, կարող են լինել բազմազգ խաղաղապահներ, սա չէ այդքան էական, ավելի էական է մանդատը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրված, և երկորրդը՝ ավելի էական է, որ ՄԱԿ-ի կառույցները, մասնագիտացված կազմակերպությունները մշտական ներկայացվածություն ունենան Արցախում, այսինքն՝ դա կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կլինի ՄԱԿ-ի ներկայացուցչություն, այսինքն՝ ՄԱԿ-ի արցախյան գրասենյակ, կարող են լինել հումանիտար արագ արձագանքման խմբերը, և բազմաթիվ այլ գրասենյակներ կան, որոնք ներգրավվածություն պետք է ունենան», - նշեց նա:

Լաչինի միջացնքի բացման նպատակով անցկացվող բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։ Ուսանողները երթով տարբեր դիվանագիտական գերատեսչություններին կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ճգնաժամը վերացնելու համար։













XS
SM
MD
LG