Մատչելիության հղումներ

Կիևը կրկին հայտնվել է անօդաչուների թիրախում


Այսօր առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հայտնվել է անօդաչու թռչող սարքերի թիրախում։ Նախագահ Զելենսկին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է բոլոր վտանգները:

«Կիևում և շրջանում ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված բոլոր 13 «Շահիդ» անօդաչու սարքերը», - հայտարարել է նա։

Կիևի իշխանություններն էլ ասել են, որ անօդաչուները թիրախավորել էին կարևոր ենթակառուցվածքները, սակայն արդյունավետ հակաօդային պաշտպանության շնորհիվ դրանք չեն վնասվել։ Հայտարարված օդային տագնապից հետո Կիևի բնակիչները ապաստանել էին մետրոյում ։

Հարձակման էին ենթարկվել այսօր առավոտյան նաև Ժիտոմիրի և Վիննիցայի մարզերը։

Երեկ հայտնի դարձավ որ Միացյալ Նահանգները մտադիր է ուկրաինային տրամադրել գերժամանակակից զենիթահրթիռային Patriot համակարգեր։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Կրեմլին Սուրբ Ծննդյան տոներին սկսել զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից բանակցություններ սկսելու համար։ Ռուսական կողմը Զելենսկու առաջարկը չէր ընդունել։ Նախագահ Պուտինի մամուլի քարտուղարը բացառել էր այս սցենարը։

Այսօր էլ Դմիտրի Պեսկովը լրագրողի հարցին ի պատասխան ասել է, թե Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հրադադարի մասին որևէ առաջարկ Մոսկվան չի ստացել. - «Ուկրաինայում Սուրբ Ծննդյան հրադադարի առաջարկներ չկան, նման թեմա չի քննարկվում»։

Շուրջ տասը մասին տևող պատերազմը շարունակվում է։ Հատկապես թեժ է իրավիճակը Դոնեցկի մարզում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի արվարձաններում։ Ռուսները տևական ժամանակ է փորձում են գրավել քաղաքը, որտեղ մնացել են շուրջ տասը հազար բնակիչներ։ Ուկրաինացի փրկարար Վիկտոր Միրոնենկոն պատմում է, որ նրանք մշտական կրակի տակ են. - «Անդադար կրակում են՝ Գրադերով, ռազմական օդանավերով, տանկերով։ Հինգ կիլոմետր է մնացել մինչև քաղաքի կենտրոնը»։

Դմիտրի Կուլեբա
Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի արտոգործախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է 155 մմ տրամաչափի հրետանի և զինամթերք ռուսենրի հարձակումը կանգեցնելու համար. - «Մենք արդեն մեծ օգնություն ենք ստացել մեր գործընկերներից: Եվ մենք միշտ երախտապարտ կլինենք այս ամենի համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմի մասշտաբները, մեզ անհրաժեշտ են լրացուցիչ 155 մմ հրետանի և զինամթերք: Այս պատերազմը հիմնականում հրետանային պատերազմ է, և Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ, որպեսզի կարողանա կասեցնել ռուսական հարձակումը և շարունակել հակահարձակումը»։

Ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսները մտադիր չեն կանգ առնել, հակառակը՝ պատրաստվում են նոր լուրջ հարձակման, և դա կարող է տեղի ունենալ արդեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։

XS
SM
MD
LG