Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում Ադրբեջանի հետ բանակցություններին. Ռուբեն Վարդանյան


Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում Ադրբեջանի հետ բանակցություններին, «Ազատության» հետ զրույցում հատնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Տեսնո՞ւմ եք մոտալուտ ճգնաժամի վտանգ, նկատի ունեմ պարեն, վառելիք, դեղորայք:

Վարդանյան. - Ոչ, մենք հասկանում ենք, որ իրավիճակը կարող է շարունակվի շատ երկար ժամանակ, և ստեղծել ենք նենց իրավիճակ, որը թույլ է տալիս ահագին երկար ժամանակ պահպանել մինիմալ կյանքի ստանդարտները Արցախում:

«Ազատություն». - Փորձե՞լ են անցնել շտապօգնության մեքենաներ կամ գուցե առաջին անհրաժեշտության տեղափոխող բեռնատարներ: Ադրբեջանական կողմն ասում է՝ շտապօգնության մեքենայի դեպքում պատրաստ են միջանցք տրամադրել, միաժամանակ ընդգծելով, որ այդ մարդիկ կարող են գնալ, բուժում ստանալ Շուշիում, Բաքվում:

Վարդանյան. - Մենք չենք հասկանում դա ո՞վ է ասում, ո՞ւմ անունից է դա ասվում, մենք ընդհանրապես չենք հասկանում ովքե՞ր են այդ մարդիկ: Տեսնելով ոնց են իրենք վերաբերվում գերիներին, ոնց գնդակահարեցին, չենք կարա մեր քաղաքացիների կյանքը ռիսկի տակ դնենք, որովհետև այս իրավիճակում շատ ցավալի է, բայց վստահություն չկա դեպի հարևան պետությունը: Ովքե՞ր են իրենք, ինչի՞ համար են այդ բանը կազմակերպել, պարզ երևում է, որ էկոլոգների հետ չի հարցը, այլ հարցը ինչ-որ ավելի քաղաքական և ուրիշ բնույթ ունի, դրա համար այդ կողմից հայտարարությունները մենք ընդունում ենք ոչ լուրջ:

«Ազատություն». - պարոն Վարդանյան ինչո՞ւ եք ասում, որ գուցե սա երկար տևի, այսինքն, նաև արցախցիներին պատրաստում եք այդ սցենարին:

Վարդանյան. - Որովհետև մենք չենք հասկանում՝ ինչ պայմաններով և երբ ռուս խաղաղապահները կարան բացեն ճանապարհը, որովհետև այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից մարդիկ արդեն ճանապարհին տեղավորված խմում են, պարում են, ապրում են և երբ են դուրս գալու անհասկանալի է: Ցավոք սրտի, բանակցություններ չեն տարվում, մենք պետք է պատրաստ լինենք, որ սա կարող է երկար ժամկետով լինի:

«Ազատություն». - Այսինքն՝ ուղիղ խոսակցություն Ադրբեջանի հետ չկա՞:

Վարդանյան. - Ոչ, շփում չկա:

«Ազատություն». - Բայց ռուսական կողմն ասում է, որ իրենք բանակցում են, Դուք այս մասին տեղեկություն ունե՞ք:

Վարդանյան. - Այո, մենք ունենք տեղեկություն, որ տենց բան է կատարվում, բայց իրենք մնում են առանց մեզ:

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, ի՞նչ են ուզում ադրբեջանցիները:

Վարդանյան. - Իրականում իրենք ուզում են Արցախն առանց արցախցիների, իրենք ուզում են, որ մենք այստեղից դուրս գանք և իրենց միակ նպատակը հույսն է, որ արցախցիները կկոտրվեն, կհիասթափվեն, կկորցնեն իրենց հավատը դեպի ապագան և դուրս կգան այստեղից: Էդ միակ նպատակն է, իսկ թե իրանք ինչ են անում, ոնց են անում, ուղղակի տակտիկական քայլեր են:

«Ազատություն». - Նախորդ անգամ ռուսական կողմը ձեզ չէ՞ր զգուշացրել, որ ադրբեջանցիները գալու են Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր:

Վարդանյան. - Զգուշացրել էին դրա մասին, ուղղակի պայմանավորվածություն կար, որ դա պետք է լիներ պաշտոնական նամակով և պետք է կազմակերպված լիներ այլ կերպ, դրա համար այդ կողմից ադրբեջանական կողմը խախտել է այդ պայմանավորվածությունները:

«Ազատություն». - Երեկ Բաքուն Ստեփանակերտին մեղադրեց և նաև ռուսական կողմին այդ պայմանավորվածությունը խախտելու համար:

Վարդանյան. - Ոչ, դա այդպես չի, դա պետք է արվել լրիվ ուրիշ ձևով կազմակերպված, իրենք խախտեցին շատ բաներ: Ես չեմ ուզում անդրադառնալ այդ բաներին, բայց դա տենց չի:

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, քանի որ ջրային ռեսուրսների դեպքում արդեն կա նախադեպ, այսինքն, ադրբեջանցիները եկել են, Սարսանգի ջրամբարը դիտարկել են, գուցե նույնն էլ հանքերի դեպքում են ուզում:

Վարդանյան. - Եթե դուք լսում եք իրենց հռետորիկան, որ հայտարարում են բարձրաձայն, դա ոչ միայն էկոլոգիա է, էս միջոցառմանը փորձում են մասնակցել մարդիկ, ու ներկայացնում են և՛ պետական գույքի, և՛ տնտեսության ու տարբեր ձևերով իրենք ուզում են ներկայացնել, որ էս իրենց հանքն է, ու հանքի օգտագործումն անօրինական է արցախցիների կողմից:

«Ազատություն». - Այսինքն՝ մտավախություն ունեք, որ եթե այդ թույլտվությունը լինի, կարող են այլ ոլորտներ էլ ուզենա՞լ մտնել:

Վարդանյան. - Էդ չի հարցը: Հարցը՝ որտեղ է այն բանը որ կարելի է մտնել, չի կարելի մտնել, այդ կողմից, ինձ թվում է, պետք է շատ հստակ ձև լինի, որ հասկանանք, որ էս էկոլոգիայի հարցը... օրինակ, մենք առաջարկել ենք և առաջարկում ենք, որ համաշխարհային հայտնի ու ընդունված էկոլոգներ ընդգրկված լինեն և այդ կողմից միջազգային պլատֆորման ավելի ճիշտ կլիներ, քան թե եթե դա լինի մի պետության ներկայացուցիչ: Որովհետև այդ կողմից և՛ մակարդակը, և՛ մոտեցումը կլինի ավելի ընդունելի բոլոր կողմերին, բայց իրենք չեն ընդունում դա:

«Ազատություն». - Իսկ ռուսական կողմը չի՞ ներկայացնում Ստեփանակերտին հնարավոր զարգացման սցենարներ՝ ե՞րբ, ի՞նչ միջոցներով են վերականգնելու երթևեկությունը, ո՞րն է իրենց եզրագիծը, որովհետև ի վերջո, սա իրենց պատասխանատվության գոտին է:

Վարդանյան. - Իրենք փորձում են գտնել բանաձևը, մենք բանակցության մեջ ենք, դա հլը որ ոչ հրապարակային խոսակցության թեմա է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG