Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց է սկսել՝ ի աջակցություն Արցախի


Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել։ Պաշտոնյան, որն հիմա արձակուրդում է, հայտարարում է ի աջակցություն Արցախի շարժում սկսելու մասին։ Բեգլարյանն ասում է՝ ՄԱԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողություններն ու Արցախի շրջափակումը։ Ահազանգում է՝ երրորդ օրը շարունակ շրջափակման հետևանքով Արցախը մարդասիրական ճգնաժամի մեջ է։

«Սուր խնդիր արդեն մենք ունենք ու առաջիկայում կոնկրետ ապրանքատեսակների ու դեղորայքի տեսակների ուղղությամբ արդեն ծայրահեղ վիճակ ենք ունենալու: Մենք հիմա Արցախում ունենք հումանիտար աղետ և այդ աղետը գնալով խորանալու է», - նշեց Արցախի պետնախարարի խորհրդականը:

Բեգլարյանը նաև անհրաժեշտ է համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով: Բայց հայտարարություններից բացի Ստեփանակերտը նաև գործնական քայլեր է ակնկալում։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 2020-ից սկսած բավարար հիմքեր կան Ադրբեջանի ու Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։

«Այդ գործուն քայլերը և՛ սանկցիաներ կարող են լինել, և՛ Արցախի բնակչության պաշտպանության ուղղությամբ միջազգային քայլեր կարող են լինել, և՛ օդանավակայանը բացելու քայլեր կարող են լինել», - ընդգծեց նա:

Նստացույցով Արտակ Բեգլարյանը նաև հայաստանյան հասարակության աջակցությունն է ակնկալում. - «Ժողովուրդ, սա արդեն կարմիր գծերը բավականին լրջորեն խախտել է, ու մենք գտնվում ենք ցեղասպանության սպառնալիքի առջև, հետևաբար, մենք պետք է գործենք»:

ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող Արտակ Բեգլարյանին այսօր նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր այցելել։ Էդմոն Մարուքյանը պնդում է՝ պաշտոնական Երևանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու համար Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

«Այսօր հավատարմագրված դեսպանների հետ քննարկում կա, կքննարկվի, մանրամասն կներկայացվի իրավիճակը: Մինչ այդ նաև անհատական մակարդակում, այսինքն, դիվանագիտական մակարդակում ամբողջ միջազգային հանրության այն ինստիտուտները, որոնք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվել, զբաղվում կամ հետաքրքրված են, կամ երբևէ ներգրավված են եղել, նաև նրանք, ովքեր չեն եղել, մանրամասն իրազեկված են իրադրությունից», - նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրամիության, Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարություններին, էդմոն Մարուքյանն ասաց, թե Բաքվի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը գնալով մեծանում է։

«Միջազգային հանրության, մոտեցումը միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և գազամատակարարումը պետք է վերականգնվի անհապաղ», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG