Մատչելիության հղումներ

Երևանի բուհերի շենքերը վաճառելու և մարզերում ակադեմիական քաղաքներ կառուցելու կառավարության գաղափարը բուռն քննարկումների առիթ է դարձել


Երևանի պետական համալսարանի շենքը, արխիվ
Երևանի պետական համալսարանի շենքը, արխիվ

Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած այս հայտարարությունը արդեն երկու օր է բուռն քննարկումների ալիք է բարձրացնում մամուլում ու համացանցում:

Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ Երևանից դուրս կառուցվեն բուհական-ակադեմիական քաղաքներ: Բուհերի շենքերը վաճառելու և մարզերում ակադեմիական քաղաքներ ստեղծելու կառավարության գաղափարն, ըստ «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանի, պարզապես բյուջեն լցնելու տարբերակ է:

«Բուհերի շենքերի օտարումը նոր ծրագիր չէ, Բրյուսովի պարագայում դեռ 17 թվականին էր դա քննարկվում կառավարությունում, մնացած շենքերի հետ կապված այս խոսակցությունները առնվազն երկու երեք տարի ընթանում են, և օրինակ՝ Գյուղակադեմիայի պարագայում բացատրվում էր, թե ուսանողների թիվը ձեր մոտ քիչ է, այդ մեծ շենքի կարիքը չունեք, եկեք այդ շենքը վաճառենք և այլն: Այսինքն ես այստեղ չեմ տեսնում որևէ լուրջ գիտությունը, կրթությունը զարգացնելու, ապակենտրոնացնելու կամ մարզերը զարգացնելու որևէ միտում: Դա ընդամենը միգուցե նախընտրական փաթեթավորման եղանակ է: Իրականում եթե դուք նայեք այս կառավարության տնտեսական զարգացման պլանը, այնտեղ գրված է, որ պետական գույքի օտարումն այս կառավարությունը դիտում է որպես տնտեսական զարգացման ուղղություն, և դա ընդամենը բյուջեն լցնելու շատ կոպիտ եղանակ է», - ընդգծեց Սարգսյանը:

Երևանյան բուհերի շենքերը վաճառելու գաղափարն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պայմանավորված է դրանց ֆիզիկական ենթակառուցվածքային ու բովանդակային խնդիրներով:

«Քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական-ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, և այս երեխաները այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ: Այսօր մեր բուհերում նույնիսկ շենքային պայմաններն ադեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին», - նշել է վարչապետը:

«Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական, տնտեսական և մայրաքաղաքի բեռնաթափում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե շենքերի սեփականաշնորհելն է, այլ՝ կրթության որակի բարձրացումը, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ ուսանողը սովորելու ցանկություն կունենա։

Մեր հարցազրույցի պահին նա գտնվում էր Արարատի մարզում, ասաց՝ ա՛յդ ու Երևանին մոտ գտնվող մյուս մարզերը շատ հարմար են գաղափարն իրագործելու համար:

«Պատկերացրեք ակադեմիական քաղաքներ, որտեղ կլինեն Երևանի աղմուկից հեռու և այգիներով շրջապատված բուհեր, մայրաքաղաքից ուղիղ գծով այնտեղ տանող մետրո, արագ ավտոբուս, տրոլեյբուսներ և այլն։ Սա երկարաժամկետ խնդիր է, ինչի համար տասնյակ տարիներ ու լուրջ ներդրումներ են հարկավոր», - ընդգծեց իշխանական պատգամավորը։

«Այն մարդիկ, որոնք պարզապես այդ պրոցեսին ընդդիմանում են, նրանք կամ փորձում են, այսպես ասած, ստեր տարածելով կեղծ դիվիդենտներ շահել կամ պարզապես նրանց ձեռք է տալիս այսօրվա կրթական ցածր վիճակը: Իսկ այն շենքերը, թե ինչ կլինեն այդ շենքերի հետ, կարելի է որոշում կայացնել. կարող են դրանք լինել մշակութային արժեքներ, թանգարաններ կարող են մնալ, դառնալ հյուրանոցներ, կարող են դառնալ բիզնես կենտրոններ, կարող են դառնալ կրթական-հետազոտական կամ այլ վայերեր: Իմաստն այն է, որ ակադեմիական միջավայրում, ակադեմիական քաղաքում, սովորելը շատ ավելի հաճելի է, սովորելը շատ ավելի տրամադրող է, քան այն իրավիճակը, որ այսօր ունենք մեր բուհերում», - հավելեց Պապոյանը:

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը կարծում է՝ վարչապետի հայտարարությունը «խորհրդանշական առումով դա շատ վատ ուղերձ է հասարակությանը, կրթությանն ու գիտությանը»: «Սա գիտության համակարգը փլուզելու փորձ է», ընդգծում է Սարգսյանն ու անդրադառնում հնչող կարծիքներին, որ շատ երկրներ են գնացել ակադեմիական քաղաքներ զարգացնելու ուղղությամբ։

«Օքսֆորդը, Քեմբրիջը, Հարվարդը և այլն, դրանք հենց ի սկզբանե կառուցվել են որպես համալսարաններ, հետո քաղաքները այդ համալսարանների շուրջ են կառուցվել, նկատի ունեմ Օքսֆորդը կամ Քեմբրիջը կոնկրետ պարագայում: Այլ տրամաբանությամբ է եղել ի սկզբանե, ասենք, Երևանի համալսարանը, Գյումրու համալսարանը, դրանք եղել են քաղաքներում, թե ոչ հակառակը», - ընդգծեց նա:

Պետական գույքի կառավարման կոմիտեի կազմում ընդգրկված ո՞ր բուհերի շենքերն են այս պահին նախատեսվում վաճառքի հանվել, կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն «Ազատության» այս հարցին գրավոր պատասխանեց. «Բոլոր բուհերի շենքերն էլ հանդիսանում են պետական գույք, բայց անհատույց տրված են հիմնադրամներին: Ինչ վերաբերում է վաճառքին, դա այդքան էլ հեշտ ու պարզ գործողություն չէ: Նախ՝ կառավարությունն այս հարցի շուրջ լայն քննարկում կծավալի՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին, որից հետո միայն կորոշվի, թե ինչ մեխանիզմով է այս ամենն արվելու: Միանշանակ չի լինելու այնպես, որ գնորդը ինչ խելքին փչի կարող է համալսարանների տեղում կառուցել, ինչպես երեկ էր փորձ արվում ներկայացվել մամուլում և նույնիսկ զավեշտի էր վերածվել»:

Վարչապետի գաղափարի հետ համաձայն է կրթության նախարարը։ Վահրամ Դումանյանը «Արմենպրես»-ին ասել է, թե «բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ, և կառավարությունը հաստատակամ է իրագործելու գաղափարը»։

XS
SM
MD
LG