Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը հերքում է փաստված բաները»․ Արմեն Գրիգորյան


Արմեն Գրիգորյան, Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը հերքում է փաստված բաները, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հաջիևը «կեղծիք» է որակել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնության գալու վերաբերյալ Գրիգորյանի հայտարարությունը։

Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր շեշտեց՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշիգտոնում, սենյակում եղել է նաև ամերիկյան կողմն ու կա արձանագրություն։ «Ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը», - ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծեց՝ շարունակելու են աշխատանքները՝ հասկանալու, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ կստեղծեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։

Գրիգորյանն ասաց, որ տարբեր հանդիպումներում միջազգային գործընկերների կողմից հետաքրքություն են տեսել՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու՝ հույս հայտնելով, որ կկարողանա հասնել նպատակին։

«Ղարաբաղյան հարցն ադրբեջանական կողմի համար դարձել է փիղը սենյակում»

Պատգամավորներից մեկի հարցին, թե հայկական կողմը շարունակո՞ւմ է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության ու խաղաղության պայմանագրի հարցերը տարանջատած քննարկել, Գրիգորյանը պատասխանեց․ - «Ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել և ավելի վստահություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն, բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանգրի մասով առաջ գնալ»։

Ադրբեջանի մոտեցումը, թե ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում խաղաղության պայմանագրի հարցով առաջ ընթանալուն, շեշտեց Գրիգորյանը։

«Ղարաբաղյան հարցն ադրբեջանական կողմի համար դարձել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել, և որոշակի չափով հենց ադրբեջանական կողմի մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար», - եզրափակեց Գրիգորյանը։

Հաջիևն այսօր ասել է, թե հայկական կողմը խեղաթյուրում է երկու պաշտոնյաների վաշինգտոնյան քննարկման էությունը։

Գրիգորյանն օրերս հայտարարել էր՝ Հաջիևի հետ համաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը քննարկելու համար միջազգային մեխանիզմ ստեղծել։

Ադրբեջանի նախագահի օգնականը կրկնել է Բաքվի պնդումը, թե իրենք այս հարցը որևէ երկրի հետ չեն քննարկելու՝ «սա Ադրբեջանի ներքին գործն է»:

XS
SM
MD
LG