Մատչելիության հղումներ

Դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը․ Արցախի ԱԽ


Ռուս խաղաղապահներն Արցախում, դեկտեմբեր, 2020թ․
Ռուս խաղաղապահներն Արցախում, դեկտեմբեր, 2020թ․

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ կեղծ է և չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից, հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը (ԱԽ)։

Ըստ հայտարարության՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Արցախի ԱԽ-ն նշում է, որ բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը տարածվեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո։

Վոլկովն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։ Նա նշել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը:

Ստեփանակերտը հայտնեց, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու»

Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ Վոլկովի պնդմամբ, ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

XS
SM
MD
LG