Մատչելիության հղումներ

Գեներալ Վոլկով․ «Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի»


«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով», - Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ այսօր հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

Նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ Վոլկովն այս մասին հայտնել է շաբաթ օրը Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

«Մինչ այս պահը մենք տեխնիկական հսկողության միջոցներ չունեինք», - հայտարարել է ռուսաստանցի գեներալը։ Վոլկովի խոսքով՝ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը:

«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ», - ասված է հաղորդագրությունում:

Ստեփանակերտը հայտնել է, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու»

Ըստ Արցախի ԱԱԾ-ի, Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG