Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Արցախի ՊՆ երկու զինծառայող. ՊԲ


Ադրբեջանական կողմն այսօր արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող, հայտնում է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և նռնականետ։ Թե ինչ վիճակում են զինծառայողները, չի հաղորդվում։

Պաշտպանության բանակը նաև միջադեպի կոնկրետ վայրը չի նշում, բայց արևմտյան ուղղությամբ է գտնվում Լաչինի միջանցքը։

Հրադադարի խախտման մասին Ստեփանակերտը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի մասին դեռևս որևէ հաղորդագրություն չի տարածել։

Բաքուն այսօր վաղ առավոտյան էր հայտարարել, թե երեկվանից մինչև առավոտ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել՝ Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նման մեղադրանքներ են հնչել նաև նախորդող բոլոր օրերին։

Վերջինի օրերին հրադադարը խախտելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների ֆոնին քննարկվում է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակելու հնարավորության հարցը։ Եթե Ադրբեջանը նման քայլի դիմի, ապա դա կլինի սադրանք ոչ միայն Արցախի, այլև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ հույս հայտնելով, որ միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ժամանակին կմիջամտեն։

«Լաչինի միջանցքը, փաստորեն, միակ ճանապարհն է, միակ միջանցքն է, որը կապում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին: Այն չափազանց խոցելի է, որովհետև անցնում է նաև Շուշիի մոտով, որտեղ կանգնած է ադրբեջանական զինուժը: Եվ բնական է, որ կարող են տարբեր սադրանքների դիմել, բայց սա արդեն կլինի ոչ միայն մեր նկատմամբ սադրանք, սա կլինի սադրանք Ռուսաստանի Դաշնության, ռուս խաղաղապահների նկատմամբ, հետևաբար պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, բայց ճիշտ աշխատենք, որպեսզի չեզոքացնենք այդ վտանգները», - ասաց Բաբայանը:

«Ազատության» հարցին՝ «կարծում եք ռուս խաղաղապահները անմիջապես կարձագանքե՞ն, այսինքն, չե՞նք ունենա նախորդ դեպքերի կրկնությունը, կկարողանա՞ն ճիշտ ժամանակին արձագանքել», Արցախի արտգործնախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Հուսով եմ, համոզված եմ, որ անպայման պետք է արձագանքեն, իհարկե, որովհետև սա, փաստորեն, լինելու է պատերազմի քայլ, կոտորածի, ցեղասպանության ուղղված քայլ, ո՞նց կարող է չարձագանքեն»:

Արձագանքելով միջանցքով զենքի փոխադրման մասին Բաքվի մեղադրանքներին՝ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս ասել էր, թե Ադրբեջանը այդ կերպ փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու Ադրբեջանի մտադրության մասին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր խոսել։ Հայաստանի վարչապետը նաև անցած շաբաթ ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարեց, որ չնայած նոյեմբերի 9 -ի հայտարարությանը, մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում միջանցքում»։

Դավիթ Բաբայանն ասում է, որ Արցախում շատ կուզենային, որպեսզի ռուս խաղաղապահների թիվն ավելանար, բայց եթե հնարավոր չլինի մարդկային ռեսուրսն ավելացնել, ապա գոնե տեխնիկական միջոցներով կարելի է անվտանգությունն ուժեղացնել։

«Ճիշտ է՝ իրենք ունեն վերահսկողություն, բայց այդ վերահսկողությունը պետք է միանշանակ ավելի նոր որակ ստանա: Կարծում եմ՝ սա ժամանակի խնդիր է», - ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, - «շատ կուզենայինք, որպեսզի ուժերը ավելանային, բայց եթե նույնիսկ մարդկային ռեսուրսը չավելանա, տեխնիկական միջոցներով այդ հարցերը ինչ-որ տեղ կարելի է լուծել»:

Միջանցքի տարածքում գտնվող Արցախի Հին Շեն և Մեծ Շեն համայնքներից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց մոտ թեև հարաբերական խաղաղ է, բայց մարդիկ անորոշության մեջ են: Ինչպես Մեծ Շենի համայնքապետ Դավիդ Դավիդյանը նշեց, իրենք էլ են լսում Լաչինի միջանցքի հետ կապված հնարավոր զարգացումների մասին տեղեկությունները։

«Անվտանգության խնդիր ունենք, մարդիկ վախենում են, մենք էլ ենք էլի լսում, որ կարող է միջանցքը փակվի կամ վերահսկեն, սաղ անորոշ բաներ են, որ ժողովուրդը չի իմանում էլի՝ ինչ անի, ոնց անի, ճիշտը որն է», - նշեց Դավիդյանը:

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար մեղադրում է և՛ Հայաստանին, և՛ Արցախին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանն և Ստեփանակերտը ապատեղեկատվություն են որակում ադրբեջանական հաղորդումները։

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ասում է՝ Ադրբեջանը ստահոդ տեղեկություններով հող է նախապատրաստում որոշակի սադրանքների համար. - «Որևէ կողմից մենք չենք կրակում, իրենք ուղղակի ստահոդ լուրեր են տարածում, նախևառաջ, փորձում են ահաբեկել մեզ, փորձում են շանտաժի ենթարկել տարբեր երկրների, նույն Ռուսաստանին: Հող կարող է նախապատրաստեն՝ արդարացնելու իրենց այս կամ այն ահաբեկչական քայլերը»:

Այսօր նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունն է տեղեկացրել, որ երեկ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ Հայաստանին է մեղադրել երեկ իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG