Մատչելիության հղումներ

Գերության մեջ խոշտանգված զինվորների հոգեբանական վերականգնման համար երկար ժամանակ է պետք. իրավապաշտպան


Սեպտեմբերին արյունալի բախումներից հետո երեք շաբաթ ադրբեջանական գերության մեջ մնացած 17 ռազմագերիներից մեկի ծնողը անանուն մնալու պայմանով պնդում է՝ որդին դեռ պատրաստ չէ վերադառնալ ծառայության. - «Էդ ստրեսային վիճակները, ինչի միջով իրենք են անցել, դա մի ամսում կամ տասը-քսան օրում չի անցնում։ Երկարատև ժամանակ ու մասնագիտական մոտեցում ա պետք, որ էդ ամեն ինչը դուրս գա իրենց մեջից»։

Զինվորը մի քանի շաբաթ է անցկացրել Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։ Տուն վերադառնալուց հետո մեծ փոփոխություններ չենք նկատում՝ նույն մտքերն են, վիճակը, ինչի հետևանքով հնարավոր է բանակում խնդիրներ ծագեն, անհանգստանում է մայրը. - «Վախը կա, միանշանակ վախը կա, որ կարող ա խնդիրներ լինեն։ Ես առանձնապես տարբերություն չեմ զգում, մտքերը նույնն են, տրամադրվածությունը նույնն է... Ու մի քիչ իրենց էս վիճակում զորամաս գնալը կարող ա ավելի լուրջ բարդությունների կարա հանգեցնի։ Ես ուղղակի անհանգստանում եմ որպես ծնող։ Թե ինչ կլինի հետագան, ոչ մեկս չգիտենք իհարկե։ Հիասթափությունը, էդ ստրեսային վիճակը... էդ ամեն ինչի մեջով անցել ա, հեշտ չի»։

Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ սեպտեմբերի 13-14-ի մարտերում գերեվարված բոլոր 17 ժամկետային զինծառայողները հետազոտվել են հոգեբուժական բաժանմունքում։ Ըստ ռազմական գերատեսչության, նրանցից 3-ը ճանաչվել են ծառայության համար ոչ պիտանի, մեծ մասը՝ 10-ը դեռ շարունակում է բուժումը, այս պահին միայն 4-ն է պիտանի ճանաչվել, նրանք ստացել են վերականգնողական արձակուրդներ ու պետք է շարունակեն ծառայությունը։

«Կայազորային ոստիկանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, ամեն ինչ նորմալ ա էղել։ Հիմա ընթացակարգն ա երևի էդպիսին, պայմաններն ա մեր երկրում էդպիսին, որ չկա առանձնացված հոգեբանական աջակցություն և հոգեբուժական։ Ստացվում ա, որ երկուսը մեկ տեղում ա արվում։ էդտեղի բժիշկներն էլ մեղք չունեն... պայմաններն ա էդպիսին», - ասում է զինվորի մայրը։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են նաև, որ հոգեբանական և հոգեբուժական խնդիրներով մնացած ռազմագերիների բուժումը դեռևս իրականացվում է Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։

Արդյո՞ք հնարավոր չէ զինվորի բուժումը չկազմակերպել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։ Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ ըստ անհրաժեշտության նրանց հոգեվերականգնողական բուժումը կկազմակերպվի նաև այլ վայրում։ 44-օրյա պատերազմից հետո շատ ռազմագերիներ վերականգնողական բուժում էին ստանում Դիլիջանի հոգեվերականգնողական կենտրոնում։

«Եթե նրանք գտնվում են հոսպիտալային պայմաններում, դժվար թե կարողանան արդեն իրենց նախընտրած հոգեբանի հետ աշխատել։ Չնայած մենք նաև մի գործով դիմել էինք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի այդ հնարավորությունը ընձեռվեր նրանց կողմից արդեն սկսած բուժումը ավարտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

Նրա գնահատմամբ՝ Կանազի հոգեբուժական հիվանդասենյակները հիշեցնում են ադրբեջանական բանտը. - «Մարդկանց բնակվելու պայմանները պետք է լինեն տարբեր։ Ծանր խոշտանգման ենթարկված անձինք հիմա գտնվում են մի վայրում, որը իրենց հիշեցնում է Բաքվում գտնվելու իրենց պայմանները, իրավիճակը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այժմ զբաղվում է 17 հայրենադարձվածներից մի քանիսի խնդիրներով։ Սադիկյանն ասում է, որ գերության մեջ խոշտանգված զինվորներին երկար ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար, մի քանի շաբաթվա բուժումը բավարար չէ։ Անգամ Դիլիջանի կենտրոնում բուժում անցած նախկին ռազմագերիներից մի քանիսն այնտեղից դուրս էին եկել խնդիրները չհաղթահարած. - «Որքանով որ ես եմ տեղյակ, այնպես չէ, որ այդ անձինք ամենօրյա հոգեբանական աջակցություն են ստանում։ Հնարավոր է ստանում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես որ կստանային, եթե լինեին հոսպիտալից դուրս։ Ինչո՞ւ եմ ես սա մեջբերում։ Որովհետև մենք արդեն իսկ զբաղվում ենք գերության մեջ գտնված և վերադարձած մի քանի անձանց հետ, այս բժշկական... իրենց կողմից դիմած հոգեկան առողջության հետ կապված մասնագետներին դիմելուց հետո ըստ եզրակացությունների, նրանք ունեն բավականին երկարատև բուժման կարիք, և համալիր բուժման կարիք»։

Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված ռազմագերիները հայրենադարձվելուց հետո, այս խնդիրներից բացի, բախվել են նաև վատ վերաբերմունքի։ Ծնողներից մեկն «Ազատությանը» պատմել էր, որ ռազմական ոստիկանության մի պաշտոնյա ակնարկել էր, թե՝ նռնակ չունեի՞ք, որ գերի եք ընկել։ Պաշտպանության նախարարությունը «Ազատությանը» հայտնում է, որ Ռազմական ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու այս դեպքի մանրամասները։

Մինչ այս, Պաշտպանության նախարարությունն անպատասխան է թողել մեր այն հարցը, թե ի վերջո, ինչու չեն քննարկում ռազմագերիներին առհասարակ ծառայությունից ազատելու հարցը։ Օրենքով նման իրավունք չկա։ Այս հարցը իրավապաշտպանները բարձրացնում են արդեն երկու տարի՝ 44-օրյա պատերազմից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG