Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը դատարան է դիմել, որ զոհված զինծառայողների ծնողներին տուգանելու որոշում կայացվի


Վահիդ Սահակյան, Եռաբլուրում ոստիկանների բռնությունից տուժած ծնող։
Վահիդ Սահակյան, Եռաբլուրում ոստիկանների բռնությունից տուժած ծնող։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կարմիրբերետավորների բռնությունների գործով տեղաշարժ չկա, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, անգամ չեն հարցաքննում համազգեստավորներին, դժգոհում է տուժած ծնողներից Վահիդ Սահակյանը։

Սահակյանը Երևան է տեղափոխվել Արցախի Տող գյուղից, որը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին է անցել։ Նրա միակ որդին՝ Ժորա Սահակյանը զոհվել է 27 օր պատերազմելուց հետո։ Վահիդ Սահակյանն էլ է սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում եղել, երբ կարմիրբերետավորները ուժ կիրառելով, քաշքշելով, մարմնական վնասվածքներով բերման են ենթարկել զոհվածների, անհետ կորածների ծնողներին, որ ճանապարհ բացեին վարչապետ Փաշինյանի համար։ Նրանք փակել էին ճանապարհը, որ վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները ծաղիկներ չխոնարհեն իրենց որդիների գերեզմաններին։


«Հազար ամոթ ոստիկանական զորքերի էն տղաներին, ովքեր էդ բռնություն կիրառել են, հազա'ր ամոթ... Ամբողջ ոստիկանական համակարգը դառել է մի մարդու կատարածու, ոնց ուզում, ինչ հրամաններ ա էդ մարդը արձակում, էդ հրամանները կատարում են», - ասաց Վահիդ Սահակյանը։

Այս գործով երկու տասնյակ ծնողներ տուժող են ճանաչվել։ Իսկ ինչո՞ւ մյուս կողմը որեւէ կարգավիճակով չի ներգրավվել։ Կասկածյալ կամ մեղադրյալ ինչո՞ւ չկա։ Ըստ տուժած հարազատների, Քննչականում դժվարանում են նույնականացնել ոստիկաններին։

«Նույնականացման պրոցես ա գնում, պիտի նույնականացնեն, հետո հարցաքննեն։ Թե էդ ինչքան դժվար պրոցես ա, ինչքան երկարատև պրոցես ա, մենք չեն իմանում։ Մենք ծնողներով իրանց առաջարկեցինք, որ մենք ձեզ կօգնենք», - փոխանցեց Սահակյանը։

Մեկ այլ ծնող հավելեց. - «Ոչ մի բան չի արվել, ոչ մի ոստիկան իրա արարքի համար չի նույնականացվել, ու ոչ մի արդյունք»։

Ծնողներն այսօր կարմիրբերետավորների լուսանկարներով էին եկել Քննչական կոմիտե՝ քննիչներին օգնելու նույնականացնել բազմաթիվ տեսանյութերում պարզ երեւացող ոստիկանների դեմքերը. - «Եթե իրանց համար դժվար ա էդքան նույնականացնելը, մենք նկարներ կտրամադրենք իրանց, որ իրանք էդ նույնականացումը ավելի հեշտ կատարեն»։

Զոհվածների ու անհետ կորածների ծնողների նկատմամբ կարմիրբերետավորների արարքը բռնություն էին որակեել 35 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն ու պահանջել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Սոցիալական ցանցերը ողողվել էին ոստիկաններին ուղղված կոշտ քննադատությամբ։ Ծառայողական քննություն սկսվեց, սակայն մինչ օրս որևէ ոստիկան չի պատժվել։

Ավելին՝ ոստիկանությունն է դատարան դիմել, որ դատարանը բերման ենթարկված ծնողներին պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնի։ Նրանց տուգանի։

«Մենք պատրաստ ենք հիսուն հազարին մի քանի զրո էլ ավելացնենք, նույնիսկ մեր շորերը ծախենք, տանք դատարանին, որը որոշում պիտի կայացնի։ Մեր տղաներին՝ մեկ թևը, մեկ ոտը կտրած, թող բերեն մեզ հանձնեն։ Էն տղաներին, ովքեր էս երկրի, հայրենիքի սահմաններն են պահել», - պահանջեց Վահիդ Սահակյանը։

Ծնողները պահանջում են անաչառ քննություն։ Խոստանում են պայքարել, մինչև բռնություն կիրառած կարմիր բերետավորները պատժվեն։

Արդյո՞ք ոստիկանների գործողությունների հետ կապված զարգացում կա քրեական գործում։ Քննչական կոմիտեից բանավոր հրաժարվեցին պատասխանել, պահանջեցին գրավոր հարցում անել։

XS
SM
MD
LG