Մատչելիության հղումներ

«Եռաբլուրում» տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան


Ոստիկանները բերման են ենթարկում 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․

«Եռաբլուրում» տեղի ունեցածը երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Սեպտեմբերի 21-ին ոստիկանները վարչապետ Փաշինյանի այցից առաջ «Եռաբլուրից» քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած շուրջ չորս տասնյակ ծնողների: Զոհվածների հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների գերեզմաններին։

Նազարյանն, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, միջադեպի ժամանակ «Եռաբլուրում» չի եղել, ակցիային չի մասնակցել։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ծնողները իրավունք ունեն և՛ քաղաքականապես ակտիվ լինելու, և՛ իրենց դիրքորոշումը հայտնելու, բայց պետք է մի գիծ չանցնեն, որից հետո իրենց քարշ տալով տանեն մենքենաները։

«Գիտեք էս հերոսածինը մեր ձեռքբերումը չէ, մեր երեխեքի ձեռքբերումն է, իրենց հերոսությամբ մենք դարձել ենք հերոսածին։ Մենք ունենք կարգավիճակ, որ պետք է հասկանանք, դա ինչ է և երբեք ու երբեք չմոռանանք, թե մենք ում ծնողներն ենք», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Այո՛, մենք ունենք անգիտակից հատուկջոկատայիններ, որոնց պահվածքը, մեղմ ասած, ամոթալի է, խայտառակ է, չգիտեմ ինչ է, բայց մենք գիտենք, որ այնտեղ տենց մարդիկ կան։ Հասարակությունը պետք է այնտեղից առաջինը հեռացնի ծնողներին, որովհետև չի կարելի հերոսների ծնողներին քարշ տալ»։

Նազարյանն, ով պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ շեշտեց՝ իր նախաձեռնած ակցիաների, հանդիպումների ժամանակ երբեք չի արել այնպես, որ հանկարծ հայտնվեն մի վիճակում, որ ոստիկան-ծնող բախում լինի՝ ընդգծելով՝ «հասկանում է ծնողներին՝ իրենց վերաբերմունքն են ուզում Նիկոլին հայտնել, բայց ոչ իրենց էդպես գետնին գցելու գնով»։

«Այո՛, դա երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, բայց, օրինակ, եթե ինձ հարցնեին՝ «իսկ մենք չենք ուզում, որ Նիկոլը գա «Եռաբլուր», ի՞նչ պետք է անենք»։ Ո՛չ, դուք այնտեղ պահակություն պետք չի անեք», - եզրափակեց պատգամավորը։

«Եռաբլուրում» կարմիր բերետավորների գործողություններից հետո 35 հասարակական կազմակերպություն պահանջեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։

Պատրա՞ստ է Վահե Ղազարյանը հրաժարական տալ, ոստիկանությունից հարցին չպատասխանեցին, ավելի ուշ միայն հայտնեցին, թե ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է դիմել ոստիկանապետին չորս ծառայողի պատասխանատվության ենթարկելու համար՝ երկուսին աշխատանքից ազատեն, մեկին՝ խիստ, մյուսին սովորական նկատողություն անեն։

Սա «Եռաբլուր» Փաշինյանի առաջին աղմկոտ այցը չէր։ 44-օրյա պատերազմի ավարտից 40 օր անց ևս նա իր ճանապարհը փակած զոհերի հարազատների ու ազատամարտիկների բազմությունը ճեղքեց թիկնազորի օգնությամբ։ Այն ժամանակ էլ Փաշինյանը իր կուսակիցների ու համակիրների ուղեկցությամբ հասավ «Եռաբլուր»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG