Մատչելիության հղումներ

«Ես իմ տունն եմ ուզում, ես իմ Բերձորն եմ ուզում, ինչքա՞ն ես ստեղ վարձով մնամ». բերձորցի կին


Լաչինից այս ամռանը տեղահանված արցախցիներն այսօր նորից կառավարության շենքի դիմաց էին՝ իրենց կացարանով ապահովելու պահանջով։

Այևս հնարավոր չէ դիմանալ, ասում էին տուն-տեղ կորցրած մարդիկ, որոնք Հայաստանի տարբեր մարզերում այսօր վարձով են ապրում, մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում։

Անգամ աշխատանք ունեցողներից քչերին է հաջողվում ստացած եկամուտով ծայրը ծայրին հասցնել։ Անահիտ Գևորգյանը 8 անչափահաս երեխաների մայր է, Բերձորից Արարատի մարզի Այգեզարդ գյուղ է տեղափոխվել, ասում է՝ հիմա տանտերը որոշել է տունը վաճառել. - «Ասում ա՝ դուս որի, տունս ծախվում ա, գորիսեցիք գալիս են առնում են իմ տունը։ Քուչեքո՞ւմ բերեմ իմ էրեխեքին մնան, փոքր էրեխեք են... Ստե բերե՞մ պահեմ իմ էրեխեքին, պալատկեն բերեմ քաշեմ էս ցրտին»։

Տեղահանված արցախցիների համար պետական աջակցության միակ տարբերակն այսօր բնակարանի գնման հիփոթեքային ծրագրին է։ Երևանում տուն գնելու դեպքում պետական սուբսիդավորումը մինչև 8 մլն դրամ է, մարզերում՝ մինչև 10 մլն, Արցախում՝ մինչև 12 մլն։ Երբ բանկը հաստատում է հիփոթեքը, պետությունը նշված գումարի չափով սկսում է վճարել։

Խնդիրը հենց այստեղ է սկսվում. անշարժ գույքը վերջին ամիսներին կրկնակի թանկացել է։ Բողոքի դուրս եկած մարդիկ տարակուսում էին. ինչպե՞ս է հնարավոր տուն գտնել այդ գումարով, հետո էլ վարկեր վճարել։

Լաչինի Մուշ գյուղում 25 տարի տուն-տեղ ստեղծելուց հետո Նունե Կիրակոսյանն ասում է հիմա մի կոտրած տաշտակի առաջ մնաց. հարսը հղի է, տանը արդեն 5 երեխա կա, 9 շնչով երկսենյականոց մի բնակարանում են ապրում։ Դժվար է անգամ 50 հազար դրամ վարձ վճարելը. - «Ստիպված ենք էկել, որովհետև հանում-դուս են գցում տներից արդեն»։

Վերաբնակեցման ծրագրով Արցախում հաստատված ու հետո այնտեղից տեղահանված Թամար Դումբալյանն էլ պատմում էր ինչ բարդ ու ծախսաշատ ճանապարհ պիտի անցեն, որ հիփոթեքով տուն ձեռք բերեն։

Նրա պնդմամբ՝ բանկերի հետ գործ սկսելու համար նախ կանխավճար է պետք. - «Ո՞ր մեկի մոտ հինգ հարյուր հազար կա, որ տա փողը և գործարքը սկսի։ Ոչ մեկի մոտ չկա։ Նոր տեղահանված ժողովուրդ ենք մենք... երեք-չորս ամիս եղավ, տեղահանված ենք»։

Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանն ավելացնում է՝ աշխատանք անգամ չեն կարողանում գտնել Հայաստանում, իսկ հիփոթեքային վարկի տակ մտնելը այս իրավիճակում լրացուցիչ խնդիրներ կստեղծի. - «Մի կերպ յոլա ենք գնում։ Ոչ մի տեղ աշխատանք չեն տալիս, իմանում են Աղավնոյից ենք, ասում են՝ խի՞ եք թողել ձեր տները։ Մենք չենք թողել մեր տները, մեզ ստիպել են, որ մենք դուրս գանք, տեղահանվենք։ Էսօր մեր գյուղը անտերության մատնված ա, ոչ մեկ չի ապրում, ընդամենը երկուսը թե երեքը ազերի ա ապրում, բայց մենք էսօր փողոցում ենք հայտնվել։ Ոչ մի ձևի ապրելու միջոց չունենք, քառասուն հազար դրամ աջակցություն են տրամադրում, որ վարձ տանք, էդ էլ չեն տալի, էդ էլ չենք կարում ստանանք»։

Բնակարանի սերտեֆիկատ ստանալուց հետո տեղահանված արցախցիները ևս 2 ամիս կարող են ստանալ 40 հազար դրամ նպաստը։ Հետո դրամական աջակցություն այլևս չի լինի։ Արցախի օպերատիվ շտաբի այս տեղեկաթյունն է'լ ավելի մտահոգեց ցուցարարներին։

Նրանք թվարկում էին, թե ինչեր թողեցին Ադրբեջանին. - «Ավտոմեքենա եմ թողել, մեծ խանութ եմ թողել...»

Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով, 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված 20 հազար մարդուց ավելի քան 5 հազարը դեռ շարունակում է ապրել Հայաստանում, և նրանցից շատերը պարբերաբար բարձրաձայնում են սոցիալական, բնակարանային խնդիրների մասին։

Ցուցարարների մեծ մասը խոստովանում է, որ անվտանգությունից ելնելով են փորձում հարմարվել Հայաստանում։ Հիմնականում մարզերում ապաստան գտած մարդիկ այսօր սրտնեղելու մի առիթ էլ ունեցան։ Հանրապետության հրապարակում ամանորյա ակտիվ եռուզեռ է, կառավարության շենք է արդեն զարդարվել, կենտրոնում տոնածառն է բարձրանում, իսկ իրենք մի եղեւնու ճյուղի անկյուն չունեն։

«Պստիկ տոնածառի լույս անգամ մենք չունենք մեր տները, որ էրեխեքներիս ուրախացնենք, բայց ինքը նայի ինչ է անում», - վրդովեց ցուցարարներից մեկը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG