Մատչելիության հղումներ

Հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում՝ տոն օրերին


Հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում, միայն տոն օրերին ու բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Ավագանին վերջին նիստում միաձայն կողմ է քվեարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած այս նախագծին։

Հրավառությունների արգելքի վերաբերյալ մի նախագիծ էլ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ներկայացրել։

Գաբրիելյանի խոսքով՝ երկու տարի շարունակ մշակել են այն Ավեինյանի հետ, իսկ երեկ նախագիծը շրջանառության մեջ դրել։

«Բենգալյան կրակները կամ հարսանյաց հանդեսների ժամանակ շենքի ներսում գտնվող փոքրիկ հրավառության տեսակները, կամ էն ամենապարզ՝ տորթի վրա դրվող փոքրիկ հրավառությունները, դրանց ազատ վաճառքը կշարունակվի պահպանվել, բայց պահման վայրերը, պահեստները, դրանց կիրառումը, նշանակությունը ստանդարտների կբերվի։ Իսկ արդեն բոլորիս հայտնի հրավառությունները, որոնք դրսում են կիրառվում, կախված իրենց չափից, տեսակից, դրանք պատկանում են 4-րդ և 5-րդ դասի հրավառություններին և իրենց վաճառքը բացարձակապես կարգելվի քաղաքացիներին», - ասաց Գաբրիելյանը։

Հրավառություններն օրենքով այսօր էլ են արգելված։ Լռության ժամերին՝ 23։00-ից մինչև առավոտյան 07։00-ն։ խախտելու դեպքում սահմանված է տուգանք 100 հազար դրամի չափով, իսկ եթե մեկ տարվա ընթացքում նույն մարդը խախտումը կրկնում է, ապա տուգանքը կրկնապատկվում է։

Երևանցիները դժգոհ են, օրենքը կա, բայց չի գործում․ «Գիշերը 12-ին կարող է հրավառություն լինի», «Փոքր երեխա կա, վախենում են կամ հիվանդ ունի», «Ամեն ձայնից վեր է թռչում», «Մարդիկ տեղաշորից վեր են թռնում, գոնե շաբաթը մի անգամ լինի, կարելի ա, բայց ամեն օր հարսանիք, կնունք»։

Եթե Ազգային ժողովը հավանության արժանացնի նախագիծը, ապա այն կսկսի գործել եկող տարվա հունիսից։ Կընտրվեն լիցենզավորված կազմակերպություններ և հենց դրանք էլ կներկրեն հրավառ նյութեր՝ միայն տոն օրերին կիրառելու համար։

Հրավառությունների արգելքի նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերահսկողությունը սահմանվելու, որ այսպիսի բացեր չլինեն, պատասխանեց՝ հրավառության յուրաքանչյուր խախտումից հետո ստուգվելու են այդ փոքրաթիվ ներկրող ընկերությունների պահեստները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG