Մատչելիության հղումներ

«Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ». Նիկոլ Փաշինյանը` գիշերային հրավառության մասին


Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո, այսօր կառավարության օրակարգային հարցերը սպառելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառությունները շարունակվում են։

«Ես ուզում եմ օգտագործել այս ամբիոնը և հայտարարել, որ երեկ գիշերը՝ 12։30-ին Նորք-Մարաշում կատարվել է հրավառություն։ Ձայնագրությունը համացանցում պտտվում է՝ թե՛ կարգի խախտմամբ, որ 11-ից հետո չի կարելի, թե՛ հրդեհային անվտանգության առումով։ Ես գիտեմ, որ այստեղ օրենսդրական բացեր ունենք, բայց ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին այս հարցով զբաղվել, որովհետև գեթ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆն ու ուրախությունը», - ասաց նախարարը։

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց՝ այդ մասին պարբերաբար հայտարարություններ անում են, թեև կան դժվար բացահայտելի դեպքեր։

Առաջին փոխվարչապետն էլ հավելեց. - «Օրինակ, հրավառություն են անում շենքի հարակից ֆուտբոլի դաշտից, և մարդիկ զանգեցին, ոստիկանը եկավ, բայց ո՞վ է արել»։

Վարչապետը հանձնարարեց՝ «դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»։

«Մենք կարողանո՞ւմ ենք դա ապահովել, թե՞՝ ոչ։ Օրենքն ընդունում ենք, հետո սկսում ենք բացատրել, թե ինչու չենք կարողանում իրականացնել։ Չլինի՛ հրավառություն, վե՛րջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովի, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ռեստորաններում դա արվում է շարունակաբար, ռեստորանը չի փախնում հրավառությունից հետո, եթե էդ տարածքի թաղայինը՝ ոստիկանը չի տիրապետում, թե ով է արել էդ հրավառությունը, ուրեմն լավ չի աշխատում։ Այսինքն՝ թաղամասում հրավառություն է չենք կարողանում հայտնաբերե՞լ, տենց էլ ընտրակաշառքը չենք կարողանում հայտնաբերել, տենց էլ բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել։ Ես զարմանում եմ էս քննարկման վրա։ Հիմա հանրության առաջ կանգնած քննարկում ենք, որ չէ, չի լինի։ Կլինի և պետք է լինի, դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG