Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ-ի (Գագիկ Բեգլարյան) նկատմամբ։

Ըստ դատախազության՝ 2002-2010 թվականների ընթացքում Երևանի «Կենտրոն» համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր: Այնուհետև, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նա մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:

Դատախազությունը նշում է, որ հափշտակվել են նաև մի շարք մանկապարտեզների հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը։

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու հոդվածներով:

Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ՝ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելու համար:

6 տարի մայրաքաղաքի Կենտրոն համայնքը, ապա՝ 3 տարի ողջ Երևանը ղեկավարած Բեգլարյանի ընտանիքի գույքն ու եկամուտները հետաքրքրել էին դատախազությանը, երբ նրան մեղադրանք առաջադրվեց կենտրոնի թաղապետ եղած տարիներին ավելի քան 230 միլիոն դրամանոց մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։ Բեգլարյանը հետախուզման մեջ էր 1 տարի, անցած տարի, սակայն, ժամանել էր Հայաստան, կալանավորվել և ընդամենը մեկ օր անց ազատ արձակվել 50 միլիոն դրամի՝ 100 հազար դոլար գրավի դիմաց։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG