Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել


Երեկ Հայաստան ժամանած և օդանավակայանում կալանավորված Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ազատ է արձակվել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրավապահներին ինքնակամ ներկայացած Բեգլարյանը դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցել մեղադրանքի համաձայն պետությանը պատճառած վնասին համարժեք գումարը՝ շուրջ 230 միլիոն դրամ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազը որոշել է մեղադրյալ Գագիկ Բեգլարյանին կալանքից ազատ արձակել 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մեկ տարի հետախուզվող նախկին ազդեցիկ պաշտոնյան երեկ էր ժամանել Հայաստան։ Ոստիկանությունը հաղորդում է, որ նախկին իշխանական Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը Մոսկվա - Երևան չվերթով է վերադարձել և անմիջապես հանձնվել Ազգային անվտանգության ծառայությանը։

Դեռևս 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել՝ Բեգլարյանին մեղադրելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Կասկադի տարածքում գործող մանկապարտեզի օտարման մասին է։

Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։ Եվ որ Երևան էր եկել ինքնակամ՝ ոչ միայն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու, այլ նաև իրավապահներին ներկայանալու համար։

Անանյանը պնդեց, թե Բեգլարյանը ինքնակամ ԱԱԾ ներկայանալուց ու անազատության մեջ մի քանի ժամ պահվելուց հետո ազատ է արձակվել։ - «Պարոն Բեգլարյանը ինքնակամ ներկայացել է Հայաստանի Հանրապետություն և ներկայացել է քննության։ Առաջադրված մեղադրանքում [իրեն] մեղավոր չի ճանաչում։ Դրանից ավելի որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»։

Ըստ քրեական գործի, 13 տարի առաջ՝ 2008-ին մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Բեգլարյանը երկու մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին, արդեն որպես Երևանի քաղաքապետ, մի որոշում է կայացրել, որով միավորված մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքը դարձել է հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարին 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։ Ստացվում է՝ համայնքային գույքը օտարվել է իրական արժեքից 10 անգամ պակաս գնով։

Երևանի մանկապարտեզներում չարաշահումների մասին դեռ 2019-ին հետաքննություն էր հրապարակել «Հետք» պարբերականը՝ ահազանգելով, որ դրանցից մի քանիսը անօրինական օտարվել են հենց Բեգլարյանի պաշտոնավարման օրոք:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, 90-ականների կեսից մինչև 2000-ականների ավարտն են տեղի ունեցել համայնքային մանկապարտեզների օտարման գործընթացները, ավելի քան չորս տասնյակ նախակրթարանի շենք վաճառվել է մասնավոր անձանց։ Կենտրոնում օտարվել է 14 մանկապարտեզ, որոնցից 4-ը գնել են Բեգլարյանն ու նրա նրա մերձավորները։ Երևանի այն ժամանակվա իշխանությունները այս գործընթացը հիմնավորել էին կրթարանների թերի ծանրաբեռնվածությամբ։

«Սա մի քիչ ինձ համար տարօրինակ պնդում է, որովհետև Երևան քաղաքի բնակչությունը, ըստ էության, շատ մեծ աճ չի գրանցել նախորդ տասնամյակների ընթացքում, ցավոք սրտի։ Իսկ այսօր մենք ունենք շուրջ տասը հազար երեխա հերթում։ Ճիշտ է, գումարվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված ընդունելությունների խնդիրը, բայց ունեցել ենք միշտ Երևան քաղաքում 6-8 հազար երեխա, որ հերթում սպասելիս է եղել»։

Կարապետյանն ասում է, որ օտարված մանկապարտեզներից շատերը հենց քաղաքի կենտրոնում են, որտեղ անշարժ գույքը, բնականաբար, ավելի թանկ արժե․ - «Թումանյան փողոցում, Տերյան փողոցում, Հյուսիսային պողոտային հարող հատվածում, Հին երևանցի փողոցում․․․ բավական թանկարժեք հատվածներում, Լեոյի փողոցում և այլն, և այլն։ Մենք տեսնում ենք այդ շինությունների հետագա ճակատագիրը, դրանք դառնում են կամ թանկարժեք ռեստորաններ, կամ թանկարժեք հագուստ վաճառող բրենդային խանութներ»։

Հեղափոխությունից հետո Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքային իշխանությունը համայնքային գույքի խնդրահարույց օտարման մասին մի քանի տասնյակ դիմում է ուղարկել իրավապահներին։ Քաղաքապետի խոսնակի խոսքով, քաղաքային իշխանությունները չունեն գործիքակազմ դրանք վերադարձնելու համայնքին, քանի որ կա Սահմանադությամբ պաշտպանված սեփականության իրավունք։ Կարապետյանն օրինակ է բերում, երբ 2018-ից հետո գործարար Սամվել Ալեքսանյանի հետ բանակցությունների արդյունքում Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մանկապարտեզը վերադարձվեց համայնքին․ - «Բայց սրանք եզակի դեպքեր են, սրանք համակարգային կերպով խնդիրը չեն լուծում։ Կա ևս մեկ տարբերակ․ քաղաքապետարանը ողջամիտ կասկած է հայտնաբերում այդ գույքի օտարման գործընթացի վերաբերյալ և գործը ուղարկում է իրավապահ մարմիններին»։

2012-2016 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարանը նաև վկա է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, այս ծրագրի ընթացքում պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիարդ դրամի վնաս։

XS
SM
MD
LG