Մատչելիության հղումներ

Սեպտեմբերյան հարձակման հետևանքով Ջերմուկի սարերում են մնացել խնձորեսկցիների անասուններն ու գույքը. փոխհատուցում չեն ստացել


Խնձորեսկցի Արտուշ Ապրունցը իր հոտի հետ Ջերմուկի սարերում էր սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին ու գրավեցին այն տարածքները, իր խոսքով՝ «մեր պապական տարածքները», որտեղ ինքն ու խնձորեսկցի տասնյակ անասնապահներն էին:

«Մինչև ժամը 3:30-4-ը հա կրակելուց էլ եղել, հետո արդեն պեխոտը մտել ա», - ասում է Խնձորեսկ համայնքի բնակիչ Համլետ Կարապետյանը:

Ջերմուկի սարերում են մնացել խնձորեսկցիների 6000 ոչխարները, շարժական տնակները և մեքենաներ՝ տրակտորներ, նիվաներ: «Դատարկ նստած ենք »,-ասում են սարերից դատարկ վերադարձած տղամարդիկ. «Էդ 30 ընտանիքի ապրուստի միջոցը էդ ոչխարն է եղել»:

Սահմանի այս գյուղում անասնապահությունն է ապրուստի միակ միջոցը:

Սամվել Մաքունցը 500 ոչխար կորցրած ընտանիքի օրինակով է բացատրում՝ երեք սերունդ զբաղվել է մսի արտադրությամբ, հիմա նրանց 500 ոչխարներն ադրբեջանցիներն են վայելում, այնինչ Արամ պապը սպասում էր այս սեզոնի եկամուտին, որ թոռներից մեկին ամուսնացնի. «Էդ մարդկանց նպատակը նա է, որ հատուցում ստանան, նորից ոչխար առնեն, որպեսզի արտադրություն կազմակերպեն, տնտեսություն ստեղծեն»:

Հիմա այդ ամենը կորցնելուց հետո մարդիկ չգիտեն՝ ինչպես հոգան օրինակ՝ կոմունալ հոգսերը, դրան էլ գումարվում են վարկային պարտավորությունները:

Խնձորեսկցի Համլետ Կարապետյանը վիրավորված է՝ երկու ամիս է գյուղով ուր ասես չեն դիմում, մի զանգ է հիշում, չի հիշում որտեղից, ասել են՝ լավ է լինելու, բայց դեռ լավ չէ. «Մեր հարցին լուծում տան»:

Խնձորեսկի գյուղապետարանի դահլիճում այսօր առանց անասնագլխաքանակի մնացած գյուղացիներն էին և խորհրդարանի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մարտական գործողություններից երկու ամիս անց կառավարությունը դեռ խնդիրները ֆիքսելու ճանապարհին է:

«Շուտով արդեն պարզ կլինի ճանապարհային քարտեզը, որով պետք է մեր բնակիչներն այդ օգնությունը ստանան», - նշեց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ փոխհատուցման հարցերը մինչև պարզվեն, հրատապ է վարկային պարտավորությունները գոնե հետաձգելու հարցը. «Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի հետ աշխատանքներ են տարվել, որ բանկերը որոշ ժամանակ հետաձգեն վարկերի մարումը, մինչև ժողովրդի փոխհատուցման հարցը կլուծվի»:


Եթե կառավարությունը շարունակի ձգձգել փոխհատուցումն ու ընդհանրապես ուշադրությունն այս գյուղերի նկատմամբ, բազմաթիվ խնձորեսկցիների միակ անելիքը մնալու է գյուղից հեռանալը, զգուշացնում է Համլետ Կարապետյանը:

Խնձորեսկն Ադրբեջանի հետ շուրջ 24 կիլոմետրանոց սահման ունի:

«Սաղ ջահել տղերք են, սահմանամերձ գոտի է, որ թողենք, գնանք, ի՞նչ եք անում, ո՞նց եք անում, հետո ասում են՝ մարդ չի մնում, բա էլ ի՞նչ մնամ: Լավ ղեկավարության կողքին լավ մարդիկ են մնում, ող մնան իրանք, իրանք իրանց Հայաստանը պահեն», - ասում է նա:

XS
SM
MD
LG