Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական բանակցությունները Խնձորեսկում, ենթադրաբար, ավարտվել են


Խնձորեսկ, արխիվ

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մոտակայքում գտնվող Սև լճի վերաբերյալ 6 ժամից ավելի տևած բանակցությունները, ենթադրաբար, ավարտվեցին: Խնձորեսկի գյուղամեջով պետական համարանիշներով ավտոշարասյունն անցավ: Սակայն որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին, ինչ ձևաչափով են դրանք ընթացել:

Մեր տեղեկություններով` դրանց հայկական կողմից մասնակցել են ԱԱԾ և Զինված ուժերի ներկայացուցիչներ, նաև ռուս բարձրաստիճան զինվորականներ, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ավելի վաղ «Ազատությանը» հաստատել էր, որ բանակցություններն ընթանում են:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հաղորդվում էր, որ բանակցություններ էին ընթանում այդ հատվածում:

Սյունիքի Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ այսօր ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք՝ օրվա ավարտին շարունակելով զբաղեցնել հայաստանյան տարածքը։ Ըստ պաշտպանական գերատեսչության` ադրբեջանական զինուժին հաջողվել է առաջ գալ Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

XS
SM
MD
LG