Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում «շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը»


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել

Եվրամիությունը Երևանին և Բաքվին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի հետագա անհարկի կորուստները և վնասները։ Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործողության ծառայության՝ 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարելիցին նվիրված ուղերձում։

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների բազմաթիվ ջանքերն՝ ուղղված տարաձայնությունների հաղթահարմանն ու հասնելու տարածաշրջանում կայունությանն ու կայուն խաղաղությանը։

ԵՄ-ն նաև բարձր է գնահատել Երևանի և Բաքվի կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներով և ձևաչափերով ընթացող բանակցություններում։

«Թեև բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, սակայն անչափ կարևոր է թափը չկորցնել, պայմանավորվել կոնկրետ առանջընթաց քայլերի շուրջ և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», - ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն կողմերին կոչ է արել՝ մեղմել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից, ներառյալ՝ զերծ մնալ փոխադարձ սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից ու գործողություններից։

«ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը՝ երկու կողմերի ցանկությանը արձագանքելու և մնացած բոլոր հարցերի համապարփակ և արդարացի կարգավորման ուղղությամբ աշխատանքներում աջակցելու գործում», - ասված է հայտարարությունում։

Երկու տարի առաջ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

XS
SM
MD
LG