Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, որ իրավական գործընթացներով իշխանությունն իրեն ուղերձ է փոխանցում


Մեծահարուստ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, որ իրավական գործընթացներով իշխանությունն իրեն ինչ-որ ուղերձ է փոխանցում: Նրա ընտանիքին պատկանող «Սիլ Պլազայի» սեփականաշնորհման ոդիսականը հետաքննած «Հետքի» լրագրողը, այնուհանդերձ, քաղաքական ենթատեքստ տեսնում է։

«Հետքն» ​ այսօր տեղեկացրեց՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին զրկել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող «Սիլ Պլազայի» սեփականության իրավունքից։ ​

Գործը հասել է վարչական դատարան, եղել է նախնական նիստ, դատարանն արգելանք է դրել «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ Պլազայի» վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Թե ինչ ընթացք կունենա դատախազության այս դիմումը, մոտ ապագայում պարզ չի լինի. հաջորդ դատական նիստը 2023-ի սկզբին է նշանակված:

«Սիլ Պլազայի» սեփականաշնորհումը 25 տարվա պատմություն ունի։ Մինչ այդ 19-րդ դարի այդ շինությունը համարվել է պատմամշակութային հուշարձան։

Ինքը` Սուքիասյանը թեև հրապարակումներից վրդովված է, բայց այսօր վստահեցնում էր՝ դատախազության որոշումն իրեն միայն ուրախացնում է. «Դատական մարմինները թող այդ հատվածը հասկանան: Հնարավոր է՝ ինչ-որ մի թյուրիմացություն լինի, հնարավոր է՝ մի շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտում: Դա ի սկզբանե դրված է եղել մեր ընտանիքում»:

Իշխող ՔՊ-ի ընտրական ցուցակում գործարար Սուքիասյանի անունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ ընդդիմախոսները չէին մոռանում հիշեցնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ մոռացավ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու իր սկզբունքը։ Մեծահարուստ Սուքիասյանն այսօր պնդում էր, թե չի կարծում, որ այս քայլով իշխանությունն իրեն ինչ-որ ուղերձ է փոխանցում. «Լսեք՝ ես չեմ կարծում՝ ինձ ուզում են բան հասկացնել, որովհետև ես շատ արագ եմ հասկանում, և ես ինքս եմ որոշումներ կայացնում, այնպես որ հանգիստ եղեք»:

Այսօր, ի դեպ, Սուքիասյանը չի հերքել, որ շենքը իր նախնական նպատակին չի ծառայել՝ նկարիչների գործերի վաճառասրահ այդպես էլ չի դարձել։ Շուկայական հարաբերություններ են, կարճ իրավիճակն այսպես ներկայացրեց իշխանական պատգամավորը. «Բա ո՞վ էր գալու, այնտեղ էդքան գումար, եկամուտ չէր լինի... Նման շենքը շատ դեպքերում կառուցում են որպես կապիտալի»:

Չնայած պնդում էր, թե դժկամությամբ են համաձայնել սեփականատեր դառնալ, բայց այսօրվա «Սիլ Պլազան» պատրաստ չէր պետությանը վերադարձնել. «Դուք ձեր տունն ինչի՞ չեք տալիս պետությանը, դե տվեք...ես էլ «Սիլ Պլազայի» պես շենք էդ մի հատն ունեմ»:

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում Սուքիասյանի նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի էին տալիս, մի քանի օր առաջ էլ նրա ու էկոնոմիկայի նախարարի բանավեճը լրագրողների ուշադրությունից չվրիպեց։ Եթե նայում ենք ժամանակագրությանը՝ վեճը հայցադիմումը ընդունվելուց հետո էր։

«Ինձ համար, օրինակ, հաճելի չի այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, ես անկեղծ եմ ձեզ ասում, ես ոչ մի թիվ, ոչ մի կազմակերպություն, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի», - ասել էր նա օրեր առաջ:

«Սիլ Պլազայի» սեփականաշնորհումը վիճարկող հայցը նորանշանակ գլխավոր դատախազ, Փաշինյանի երբեմնի թիմակից Աննա Վարդապետյանի պաշտոնի գալուց օրեր անց է դատարան ներկայացվել։

«Սիլ Պլազայի» սեփականաշնորհման հետաքննության հեղինակ Տիրայր Մուրադյանը գործընթացը դրական է համարում, բայց թե ինչ արդյունք կունենա, դժվարացավ ասել. «Այս գործընթացն իրականում ինչ նպատակ ունի, ես մտածում եմ, որ պետք է դիտարկենք մի փոքր քաղաքական իրադարձությունների կոնտեքստում. դատախազությունում մի տարի ուսումնասիրվում էր, նախկին գլխավոր դատախազը չգնաց այդ քայլին, նոր գլխավոր դատախազը: Նոր գլխավոր դատախազի առաջին աղմկոտ գործը հենց իշխանական խմբակցության շատ կարկառուն ներկայացուցչի ընտանիքին պատկանող գույքի ծագման ուսումնասիրությունն է: Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ քաղաքական ենթատեքստեր ունեն»:

Հարցին՝ ի՞նչ ենթատեքստ է ինքը տեսնում, լրագրողը պատասխանեց. «Կդժվարանամ ասել: Պարոն Սուքիասյանն արձագանքել է, մի հատ հետո պիտի երկրի ղեկավարը՝ վարչապետն արձագանքի, հետո մի հատ գլխավոր դատախազն արձագանքի, նոր հասկանալի լինի»:

Լրագրողը Սուքիասյանի տրամադրության կտրուկ փոփոխություն է վերջերս նկատել. «Սիլ Պլազան», ես ինչպես հասկանում եմ, Սուքիասյանների ընտանիքի համար շատ թանկ անկյուն է, երևի դրա համար էր իր վրդովմունքը, հույզերի չկառավարելն այսօրվա պայմանավորված: Կոնկրետ դատախազության այս գործողության հետ կապված, իհարկե, տրամադրության կտրուկ փոփոխությունը շատ նկատելի է»:

Վարչական դատարան դիմելուց բացի, Գլխավոր դատախազությունում նույն շենքի սեփականաշնորհման փաստով քրեական գործ է հարուցվել, բայց ոչ «Հետքին» են մանրամասներ հայտնել, ոչ էլ այսօր «Ազատությանն» ասացին՝ ի՞նչ գործ է դա։ Հրապարակման հեղինակին էլ հարցաքննության չեն կանչել։

«Գործով կարծում եմ՝ հարցերի կպատասխանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահը», - նշեց Տիրայր Մուրադյանը:

Երևանի ամենակենտրոնի՝ «Սիլ Պլազայի» շենքը սեփականաշնորհվել է ընդամենը 5 հազար 655 դոլարով։ Մոտ 30-ամյա այս պատմության մեջ գործող անձ է նաև նախագահ Վահագն Խաչատրյանը, նա այն ժամանակ Երևանի քաղաքապետն էր, որոշումը հենց նա է կայացրել։ Ինքը՝ Խաչատրյանն «Ազատության» եթերում այս գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ լավագույն գործարքն էր համարել։ Արդյոք նախագահը հարցաքննվե՞լ է՝ նախագահականից այս հարցին չպատասխանեցին, նրա կարծիքը հնարավոր չեղավ պարզել նաև սկսված իրավական գործընթացի վերաբերյալ։ Ասացին՝ նախաքննության ընթացքում գտնվող գործը նախագահը չի մեկնաբանում։

Վահագն Խաչատրյանն, ի դեպ, այս պահին Հայաստանում չէ։

XS
SM
MD
LG