Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը վատ ընկեր է. նրա հետ իմ հարաբերությունները բարիդրացիական են եղել». Խաչատուր Սուքիասյան


«Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյան
«Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյան

«Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր, չգիտեմ, ում համար», - «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի կարծիքն է Սերժ Սարգսյանի մասին:

Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունների համագումարում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հեղափոխական իշխանությանն ուղղված կոշտ քննադատությունը Խաչատուր Սուքիասյանն ամբողջությամբ սուտ է որակում. - «Ինքը շատ վատ ղեկավար է եղել, ասեմ, թե ինչու, ինքը շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը կառուցվում էր՝ Հայաստանի Հանրապետությունը, ինքը երբ որ Ղարաբաղից եկավ, ես իրեն հիշում եմ։ Ինքն իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ իրենից հետո ինքն ումից ընդունեց նախագահությունը, նրան էլ մոռացավ։ Հետո, էտ խաբելը շատ վատ բան է էս երկրում։ Եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է և՛ էտ մարդը, և՛ էն միջավայրը, որտեղ ինքն ապրում է», - հայտարարեց նա։

Գործարար Սուքիասյանը հեղափոխությունից ընդամենը երկու տարի առաջ Սերժ Սարգսյանին հրավիրել էր իրեն պատկանող «Ռոսիա Մոլ»-ի բացման արարողությանը: «Ազատությունը» Խաչատուր Սուքիասյանին հիշեցրեց հեղափոխությունից առաջ նախկին նախագահի հետ իր լավ հարաբերությունների մասին: Խաչատուր Սուքիասյանը շտկեց՝ Հայաստանի նախկին ղեկավարի հետ իր հարաբերությունները բարիդրացիական են եղել, միաժամանակ հիշեցրեց, որ նրա նախագահության օրոք իրենից խլեցին «Բջնի» գործարանը:

«Լավ հարաբերություն ասածը դուք եք ինձ ասում։ Դու պետք է լսեք՝ ես ինչ եմ ասում, ինչ եմ ունեցել։ Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ ես իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ինքն է այդ մասին խոսել իր հարցազրույցներից մեկում, Սուքիասյանը պատասխանեց՝ ասել է «բարիդրացիական հարաբերություններ»։

«Գործարանը խլվել է անօրինական, գործարանը պետք է ետ վերադարձվի իրավական ճանապարհով, ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջ կեղծ ճանապարհով։ Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք ժամանակին մեզ տեղեկացրել են։ Սա շատ մեծ զայրույթ է։ Այս ամեն ինչը, ինչ հիմա տեսնում եք, այդ ամեն ինչի հակառակն է։ Էն, ինչ որ եղել է տարիներ շարունակ, էս ամեն ինչը դրա հակառակի արդյունքն է», - շեշտեց գործարարը։

Խաչատուր Սուքիասյանը մի խումբ գործարարների հետ մասնակցում էր Աբովյանում «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի պաշտոնական բացման արարարողությանը: Մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, Կոտայքի մարզպետը, Աբովյանի քաղաքապետը: Գործարանի համար կատարվել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում: Նախատեսում են ստեղծել 700 աշխատատեղ: Այն 2017-ին հիմնադրել են Արտակ և Արմեն Բաղիկյանները, նախկինում գործել է փոքր մասշաբով, այժմ ընդլայնվում է:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդլայնված գործարանը թափ առնող տնտեսական հեղափոխության օրինակներից է համարում. - «Այն, ինչ որ արվում է, երկարաժամկետ տնտեսական ակտիվության համար չափազանց դրական հիմքեր է ստեղծել։ Եվս մեկ անգամ կրկնված կլինեմ, բայց կասեմ, որ ներդրողների համար առաջնահերթ նշանակություն ունեն սեփականության իրավունքների պաշտպանությունը, հավասար մրցակցությունը, կոռուպցիայի բացակայությունը, որոնք ներկա քաղաքականության ամենաառաջնահերթ կարևոր հարցերից են, և հետևողականորեն դրանք գտնվում են ուշադրության կենտրոնում և իրականացվում են», - ասաց նախարարը։

Նախարարին հիշեցրինք խոշոր գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի քննադատությունը, թե Հայաստանում ներդրումային միջավայրի համար բարենպաստ պայմաններ չկան, բյուրոկրատիան շատ է, մեկ պատուհանի համակարգը չի գործում, որոնք ներդրողների համար լուրջ խոչընդոտներ են:

«Գնահատականները սուբյեկտիվ են, գուցե առանձին ներդրումային ծրագրերի առնչությամբ որոշ թույլտվություններ ուշանում են, որովհետև իրենց հիմքում ունեն օբյեկտիվ պատճառներ։ Ես չեմ ուզում մանրամասների մասին խոսել, բայց կան դեպքեր, երբ հետագա գործունեությունը պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին, և մինչև այդ համապատասխանեցումը տեղի չունենա, տվյալ առնչությամբ որոշումները կարող են և հետաձգվել», - մանրամասնեց նախարարը։

Ըստ վերջինիս՝ պատկան մարմիններն առավելագույնն են անում, որ ներդրումային ծրագրերն իրականացվեն արագ և հաջող ընթացքով: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարած թափ առնող տնտեսական հեղափոխությանը և արդեն իսկ իրականացված հսկայական ներդրումներին, նախարարը օրինակներ չնշեց, ասաց՝ փաստերը ձեռքին չեն:

XS
SM
MD
LG