Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զորավարժությունները Իրանի սահմանի մոտ շարունակվում են


Ադրբեջանի Զինված ուժերի զորավարժությունները Իրանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամերին զորավարժություններում ներգրավված ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել մի շարք բնագծերի և աշխարհագրական տեղանքների հանդեպ վերահսկողություն սահմանելու նպատակով։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած տեսանյութում երևում են պարաններով պատերից գլխիվայր իջնող, ժամանակավոր կամուրջներով գետնանցում իրականացնող զինծառայողներն, ինչը հաստատում է ավելի վաղ հայտնված այն տեղեկատվությունը, որի համաձայն Իրանի սահմանին իրականացվող այս զորախաղերի կորիզը կազմում են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները։ Նրանցից բացի զորավարժություններում ընդգրկված են նաև հրետանային մարտկոցներ, ռազմական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին այն նույն ժամերին, երբ ավարտվում էր Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թեհրան։ Ակնհայտ է, որ Երևանի և Թեհրանի միջև երկկողմ շփումների սերտացումը նյարդայնացնում է Ադրբեջանին։

Դրա առաջին վառ դրսևորումը դարձավ Ադրբեջանի շիաների ղեկավար մարմնի՝ Կովկասի մահմեդականների վարչության, անցած շաբաթ տարածած հայտարարությունը։ Տասնամյակներ շարունակ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բավական սերտ համագործակցող այս կառույցը աննախադեպ կոշտ քննադատություն ենթարկեց հարևան երկրի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանին՝ պահանջելով որպեսզի նա «հետ վերցնի հայաստանյան այցի ընթացքում հնչեցրած իր հայտարարությունները»

«Իրանը սպառնալիքներ է հնչեցնում Զանգեզուրի պատմական ադրբեջանական հողերով անցնող միջանցքի հետ կապված, այս բարդ իրավիճակում հյուպատոսություն է բացում Կապանում, հայտարարում է հնագույն ադրբեջանական Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին։ Դա չի կարող բարեկամական քայլ ընկալվել, այն չի համապատասխանում իսլամական գաղափարախոսությանն ու մահմեդականի կողմից հասցված հարված է իր եղբայր մահմեդականին», - նշված էր ադրբեջանցի մոլլաների հայտարարության մեջ։

Իրանի դեմ ուղղված հաջորդ քայլի հեղինակը դարձավ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, որը կրկին այն նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում էր, հայտարարեց իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող ադրբեջանական զինված ցանցի բացահայտման մասին։ Ուշագրավ է, սակայն, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները չէին հստակեցնում, թե հատկապես երբ է բացահայտվել այդ խումբը՝ նշելով միայն, որ իրանցի գործակալների գործունեության հետաքննությունը շարունակվում է։ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը պնդում էր, որ Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են Ադրբեջանի առնվազն 19 քաղաքացիների, նրանց երրորդ երկրներով տեղափոխել սկզբում Թեհրան, այնտեղից էլ Դամասկոս։

Սիրիայի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ռազմադաշտերում, ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, այս մարդիկ հատուկ ռազմական պատրաստություն են անցել։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տարածած տեսանյութում ձերբակալվածներից մեկը՝ Ալթուն Շուքյուրովը, պատմում էր, որ Սիրիայում իրենց սովորեցրել են տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ Կալաշնիկովի ավտոմատից, խորհրդային արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերի և Դրագունովի դիպուկահար հրացանից օգտվելու կանոնները։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ ձերբակալվածների մեծ մասը ժամանակին անդամակցել է ներկայումս արգելված «Մահմեդական միասնության շարժմանը»։ Հայտնի հոգևորական, այժմ բանտում գտնվող Թալեհ Բաղիրզադեյի կողմից 2015-ին ստեղծված այս կազմակերպության անդամները, սակայն, կտրականապես հերքում են, թե որևէ առնչություն ունեն Ադրբեջանի Պետանվտանգության կողմից բացահայտված անձանց հետ, տեղեկացնում «Թուրան» գործակալությունը։

XS
SM
MD
LG