Մատչելիության հղումներ

Աբդոլլահիանը զանգել է Բայրամովին, ներկայացրել հայաստանյան հանդիպումների արդյունքները


Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ասված է երկու կողմերի տարածած հաղորդագրություններում:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն ասել է, թե Իրանը Կովկասում վեճի լուծման ճիշտ ճանապարհը համարում է «3+3» ձևաչափը և տարածաշրջանային մեխանիզմները:

«Օտար տերությունների ներկայությունը տարածաշրջանում ավելի է բարդացնում վեճերը, հետևաբար մենք դեմ ենք նրանց ներկայությանը», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսական կարևորության հարց է տարածաշրջանի բոլոր երկրների համար, և որ «Իրանը Ադրբեջանի անվտանգությունն ի՛ր անվտանգությունն է համարում»:

Աբդոլլահիանը հավաստիացրել է Բայրամովին, որ Իրանը, «ինչպես միշտ, կենտրոնացնում է ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների միջև վեճերը դիվանագիտական և տարածաշրջանային ուղիներով լուծելուն»։

Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Աստանայում հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովը բարձր է գնահատել այն փաստը, որ իրանցի գործընկերը զանգահարել է և ներկայացրել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջնորդական ջանքերի շրջանակում Հայաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքները:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես վստահեցրել է, որ դեմ է օտար ուժերի ներկայությանը և տեղակայմանը տարածաշրջանում, և իր երկրի համաձայնությունն է հայտնել տարածաշրջանային համագործակցությանը, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, փոխանցում է IRNA-ն:

XS
SM
MD
LG