Մատչելիության հղումներ

Ըստ Սաղաթելյանի, Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի


Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը վերջնական ոչ մի փաստաթուղթ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կանխատեսումներով, չի ստորագրվի։ Հայաստանի ղեկավարն օրեր առաջ հայտարարել էր, թե Երևանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ։ Ընդդիմադիր պատգամավորը սա անարժեք խոսք է որակում։

«Երբ որ ինքը հայտարարում է, որ «ես կողմ եմ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին», դա որևէ արժեք չունի, քանի դեռ ինքը հստակ չի հայտարարում, որ մերժում է մյուս տարբերակը: Այսինքն՝ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքն ու առհասարակ Արցախի հարցը: Քանի դեռ ինքը էդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է», - ասաց Սաղաթելյանը:

Թվիթերի իր էջում Հայաստանի վարչապետը օրեր առաջ գրել էր, որ Երևանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման Ռուսաստանի ներկայացրած հիմնական սկզբունքների և պարամետրերի շուրջ։ Փաշինյանը հավաստիացրել էր, որ Հայաստանը «պատրաստ է դա հաստատել Սոչիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կպաշտպանի իր իսկ առաջարկները։ Վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև Արցախի հարցի կարգավորման երկու՝ ռուսաստանյան ու արևմտյան ընկալման մասին՝ առանց մանրամասներ հայտնելու և պնդել՝ իրականության հետ կապ չունեն լուրերը, թե իբր ռուսական առաջարկը դրական է Հայաստանի կամար, իսկ արևմտյանը՝ բացասական։

Արդեն այսօր Սոչիում Փաշինյանը Պուտինին վստահեցրել է, որ ռուսական առաջարկները չեն հակասում այն պայմանավորվածություններին, որ հոկտեմբերի սկզբին ձեռք էին բերվել Պրահայում՝ Եվրամիության միջնորդությամբ։ Վարչապետն ընդգծել է, որ արևմտյան միջնորդությամբ անցկացվող հանդիպումներում ինքը հաշվի է առել Պուտինի հայտարարությունները։

Նախքան Փաշինյանի՝ Սոչիի հայտարարությունը վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման առաջնորդ, ընդդիմադիր Սաղթելյանը տարակուսանք էր հայտնել՝ ինչո՞ւ էր վարչապետը դեռ սեպտեմբերին պնդում, թե սեղանին որևէ փաստաթուղթ չկա, մինչդեռ այսօր արդեն 2 տարբերակի մասին է ակնարկում։

«Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին, ասում էր՝ «փաստաթուղթ չկա», խաբել է, այդ փաստաթղթերն իր դարակում դրած էին», - նշեց Սաղաթելյանը:

Փաշինյանն հայտարարել էր նաև, թե պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով երկարաձգվի ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում՝ 10-20 տարով։ 2020 թվականի նոյեմբերի հայտարարությամբ՝ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ավարտվում է 3 տարուց։ Այն երկարաձգելու համար, սակայն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը։ Ընդդիմադիր պատգամավորն այս հայտարարությունը ևս մանիպուլյացիա է համարում և հարց բարձրացնում՝ արդյոք անցնող տարիների բանակցությունների ընթացքում Փաշինյանն պնդե՞լ է այս մասին և ներկայացրել որպես հայկական կողմի առաջարկ։

«Հերթական էժան և պոպուլիստ հայտարարությունն է անում, էն թուղթը, որ ստորագրում էիր, չէի՞ր հասկանում դա», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Դիմադրության» շարժումը նոյեմբերի 5-ին մի քանի շաբաթվա դադարից հետո Ֆրանսիայի հրապարակում դարձյալ հանրահավաք է անցկացնելու: Հիշեցնելով Ստեփանակերտի երեկվա ցույցը՝ Սաղաթելյանը կարծում է, որ այն նոր թափ է տալու իրենց պայքարին, որը, իր ձևակերպմամբ, լինելու է միասնության հանրահավաք ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության։

«Երկու տարի է՝ հայ ժողովրդին խոստացել է խաղաղություն, ընդամենը 1,5 ամիս առաջ, մեկ օրվա ընթացքում ունեցել ենք 200-ից ավելի զոհ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է, դիերը դեռ խրամատներում են, ու այս մարդը դեռ խոսում է խաղաղությունից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Դիտարկմանը, որ արցախյան վերջին պատերազմում պարտությունից 2 տարի անց, այդուհանդերձ, ընդդիմությանը չհաջողվեց արժանանալ հանրության վստահությանը, դա են վկայում ոչ մեծաթիվ հանրահավաքները, Սաղաթելյանն ընդունեց՝ լրջագույն բացթողում էր, չեն կարողացել ամբողջությամբ ներկայացնել Հայաստանի գլխին կախված սպառնալիքները։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հիմա ճակատագրական պահ է և Ստեփանակերտից արդեն հստակ ուղերձով դիմում են Հայաստանին ու շեշտում՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Գնդակը, ըստ Սաղաթելյանի, հիմա Հայաստանի դաշտում է. «Մենք պետք է հասկանանք, որ Արցախը զիջելով խաղաղություն չենք ունենալու»

Ընդդիմության մեղադրանքները իշխանության հասցեին մնացին անպատասխան։ Ողջ օրվա ընթացքում իշխանական պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց։

XS
SM
MD
LG