Մատչելիության հղումներ

Փաշինյանը հաստատեց Սոչիի եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց Սոչիի եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը։

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ նման ձևաչափով վերջին հանդիպումն անցկացվել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Դրանից հետո Փաշինյանն ու Ալիևը եվրոպական միջնորդությամբ են մի քանի անգամ բանակցել։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։

Հնարավոր հայտարարության կամ օրակարգի մասին փակագծեր Հայաստանի ղեկավարն այսօր ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չբացեց. - «Կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն»։

Փաշինյանը մի քանի դրվագով խոսեց ռուս գործընկերներից ունեցած և այդպես էլ չարդարացած սպասելիքների մասին. - «Չեմ թաքցրել, որ մեզ այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը։ Եվ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից։ Ռուսական կողմում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են էդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի»։

Վարչապետը այսօր նաև նոր խոստովանություն արեց։ Պարզվեց՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդունված հայտարարությունը, որը նախկինում դրական լույսի ներքո էր ներկայացվում հայաստանյան իշխանությոնների կողմից, այդքան էլ ընդունելի չի եղել Հայաստանի համար, բայց ճկունություն են դրսևորել, համաձայնել են ռուս գործընկերների հետ ու ընդունել հայտարարությունը. - «Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք էն ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ փակուղի չմտցնելու համար գործընթացը, և գնալ այդ քայլին»։

Իշխանական պատգամավորներից մեկը Փաշինյանից հետաքրքվեց, թե սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ՀԱՊԿ -ին ուղղված պաշտոնական դիմումից ի՞նչ նորություն կա։ Փաշինյանի փոխանցմամբ՝ առաջիկայում նախաձեռնելու են Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում էլ կքննարկվի ռազմական դաշինքի ուղարկած առաքելության զեկույցը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին. - «Հստակ ակնկալիք կա, որ առաջին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»։

«Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ», - մեկ այլ իշխանական պատգմավորի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետը՝ մանրամասնելով, որ Հայաստանի կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է, որ դա իրականություն դառնա. - «Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Ինչքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրագայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ըստ էության դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական։ Որովհետև այդ սահմանները ըստ էության հայտնի են։ Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը, որ պետք է, ինչպես նախկինում նշել ենք, պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է»։

Դեռ մայիսից խորհրդարանի նիստերը բոյկոտող ընդդիմադիրները, որ այս ընթացքում հազվադեպ են մասնակցել նիստերին, այսօր ևս բացակա էին։ Իշխանական յոթ տասնյակ պատգամավորներից միայն 7-ը հարցեր ունեին գործադիրին։ Երեքն ուղղված էին վարչապետին։

Հարցուպատասխանն այսօր մոտ 40 րոպե տևեց, նախկինում այն երբեմն մի քանի ժամ էր տևում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG