Մատչելիության հղումներ

Հիմնականում՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ. Խարազյանը՝ վերջին երեք տարվա գործընթացի մասին


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սոչի։ Նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հերքեց, որ կան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան ու ռուսական ծրագրեր՝ շեշտելով՝ կան միայն ընկալումներ։

Փաշինյանը նաև ասաց, որ պատրաստ է ընդունել ռուսական առաջարկները, պատրաստ է ստորագրել ռուս խաղաղապահների ներկայության երկարաձգման փաստաթուղթ։

Արդյո՞ք Սոչիում նման փստաթղթեր կարող են ստորագրվել։ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի կարծիքով՝ այս հակամարտության վերջին երեք տարվա տրամաբանությունը հիմնականում հանգել է ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական պայամանավորվածություններին և դրանից բխող իրադարձություններին՝ շեշտելով՝ առայժմ չի տեսել Հայաստանի կողմից շոշափելի քայլեր, որոնք հույս կներշնչեին, որ այստեղ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններից և նրանց շահերի համընկնումից բացի, կա որևէ այլ գործոն, որը կարող է զգալի փոփոխություն բերել այս պահին ուրվագծվող կարգավորման շրջանակից։

«Ենթադրում եմ, որ Բաքվի և Մոսկվայի միջև կա ընդհանուր ընկալում և իրենք երբեք դա չեն ժխտել այն մասին, թե հակամարտությունն ինչպես պետք է լուծվի։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ կրկին, եթե փոփոխություն լինի, դա պետք է լինի Հայաստանի ցանկությամբ Հայաստանի կամքով։ Ես առայժմ չեմ տեսել Հայաստանի կողմից շոշափելի քայլեր, որոնք հույս կներշնչեին, որ այստեղ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններից և նրանց շահերի համընկնումից բացի, կա որևէ այլ գործոն, որը կարող է զգալի փոփոխություն բերել այս պահին ուրվագծվող կարգավորման շրջանակից», - ասաց դիվանագետը։

«Ռուսաստանն արդեն ստիպված է Հայաստանի հետ մի քիչ ուրիշ լեզվով խոսել»

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ստեղծվել է մի վիճակ, երբ Ռուսաստանն արդեն ստիպված է Հայաստանի հետ մի քիչ ուրիշ լեզվով խոսել՝ շեշտելով՝ տարիներ շարունակ Հայաստանի հետ խոսում էին միայն պարտադրանքով, շանտաժներով, Ադրբեջանի, Թուրքիայի հետ գործարքներ անելով, ճնշելով։

Ընդգծելով որ Արևմուտքի ակտիվությունը վերջին ամիսներին նյարդայնացնում էր Ռուսաստանին՝ Սարգսյանը նկատեց՝ սա ընդամենը Ռուսաստանից առաջարկ է՝ իրավիճակում փոփոխություն մտցնելու համար, իսկ եթե առաջ Հայաստանը լսողի դերում էր, ապա այսօր ի վերջո Երևանից էլ պատասխաններ կան։

«Տարբեր ձևով Ռուսաստանից փորձում էին վարկաբեկել այս հարաբերությունները՝ Հայաստանի Արևմուտքի հետ, և այս անգամ հետաքրքիր էր, որ առաջարկ արվեց, որ մենք ավելի լավ բան ենք ձեզ առաջարկել, ինչո՞ւ եք դուք խոսում Միացյալ Նահանգների հետ», - ասաց քաղաքագետը՝ նկատելով․ - «Վերջերս Հայաստանն անընդհատ, կարծես թե, Ռուսաստանի հետ զրույցներում ցույց է տալիս, որ հարցադրումներ է անում և ուզում է հստակ պատասխան Ռուսաստանից։ Էս անգամ նույնպես կարծես թե, քանի որ ամսի 31-ին եռակողմ հանդիպում պետք է լինի, կարծես թե նախօրոք Հայաստանի վարչապետն էլ ասաց, որ մենք կսպասենք ձեր հստակեցմանը, պարզ վիճակ է կարծում եմ»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե վաշինգտոնյան տարբերակով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խեղաթյուրում ու ապատեղեկատվություն է որակել Պուտինի մեկնաբանությունը, բայց չի էլ հստակեցրել՝ ի վերջո, գոյություն ունի՞ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ։

Իսկ ի՞նչ է նախատեսված ռուսական տարբերակով. Պուտինը փակագծեր չէր բացել, միայն նշելով՝ եթե Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղն ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում դա հաշվի առնել, ապա Մոսկվան դա կընդունի՝ պայմանավորվելով նաև Ադրբեջանի հետ։ Ըստ փորձագետների՝ ռուսական տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG