Մատչելիության հղումներ

Գյումրիի Մտորումների թատրոնը այլընտրանքային է ու տարբերվող


Գյումրիի պատմական շենքերից մեկի նկուղային հարկում արդեն երեք տարի գործում է Մտորումների թատրոնը: Սա այլընտրանքային ու տարբերվող թատրոն է՝ առանց բեմի ու վարագույրի, նշում է Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Սա մեր արդեն դահլիճն է: Ինքը փոքրիկ դահլիճ է՝ ընդամենը 50 տեղ ունենք հանդիսատեսի համար նախատեսված: Բեմ չունենք», - ասաց Հովհաննիսյանը - «Էս դահլիճը շատ վտանգավոր դահլիճ է, թատերական դահլիճ չէ, որ մի մետր բարձրության վրա դու մտածես ձայնի թռիչքի մասին, ժեստերի մեծության մասին, որ վերջին կարգում նստած հանդիսատեսը տեսնի, այստեղ անմիջապես դու գտնվում ես խոշորացույցի տակ: Լրիվ բնական խոսք, բնական շարժուձև, բնական ամեն ինչ: Եթե թատերային որևէ բան եղավ, մենք կպարտվենք»:

Սկզբում Ստվերային թատրոն էր, հետո դարձավ Մտորումների. - «Մտորումների ինչի համար՝ յուրաքանչյուր բարձրացվող հարց մեզ մոտ մտորումներ է առաջացնում, իսկ թատրոնը հարցադրումների տեղ է, շատ հարցադրումների տեղ է, որոնք երբեմն մենք կյանքում չենք ուզում մտածել, երբեմն շրջանցում ենք էդ հարցադրումները, իսկ կոնկրետ էս հարթակը հարցադրումների հարթակ է»:

Երեք տարվա ընթացքում մոտ երեք տասնյակ ներկայացումներ են բեմադրվել՝ և՛ մեծահասակների, և՛ փոքրերի համար: Մտորումների թատրոնը նաև հարթակ է երիտասարդ՝ բուհը նոր ավարտած դերասանների համար, նշում է Գյումրիի մայր թատրոնի դերասանն ու թատերական ինստիտուտի դասախոսը:

«Սա փորձարարական թատրոն է նաև, որ դերասանները փորձեն իրենց ուժերը, ռեժիսորները փորձեն իրենց ուժերը, ու ազատ է դաշտը, ազատ է, բաց է դաշտը», - նշեց Մտորումների թատրոնի հիմնադիրը:

Թատրոնը թեև հանդիսատեսի պակաս չունի, այդուհանդերձ, ծախսերը հազիվ են կարողանում ծածկել։ Հիմնադիրը վստահ է՝ եթե լուծվի շենքի խնդիրը և տարածք վարձակալելու կարիք չունենան, ապա թատրոնը կկարողանա ոտքի կանգնել: Հիմա բոլոր ծախսերը փակելուց հետո դերասաններին վճարելու գումար չի մնում, ասում է Հովհաննիսյանն ու հավելում՝ ամաչում է. - «Դերասանները խաղում են՝ չվարձատրվելով: Ես ամաչում եմ դերասաններից: Նվիրումը շատ է: Ես դերասաններին չեմ վարձատրում, խաղում են նվիրումով, ֆանատիզմով: Հազիվ մենք կարողանում ենք շենքի ծախսերը փակել՝ լույսի, և այլն, և այլն, և այլն»:

Հովհաննես Հովհաննիսյանի «Ան-Տերը» ներկայացումն էր: Թեման խիստ արդիական է՝ արտագաղթ, սոցիալական վատ պայմաններ, ինչպես նաև այդ իրավիճակի դեմ պայքարողների մասին։

Դերասաններից Սոնա Խդրյանն ու Մերուժան Սաֆարյանն ասում են, որ հանդիսատեսից մեկ-երկու քայլ հեռու խաղալը չափազանց բարդ է:

«Խաղալ գրեթե մեկ մետր հեռավորության վրա հանդիսատեսից՝ չափազանց բարդ է, որովհետև էմոցիաները ոչ թե շատ մոտ են, այլ կարելի է ասել, որ միկրոմոտ աստիճանի են, և կարծես դու բոլորի աչքի առաջ ես, և բոլորը տեսնում են քո բոլոր զգացողությունները», - ասաց Խդրյանը:

«Բնականաբար, ավելի դժվար է: Հանդիսատեսը մեկից երկու մետր հեռավորության վրա է, դու զգում ես նրա շունչը, այսինքն, այսպես ասած, դու բեմում մենակ չես», - իր հերթին, նշեց Սաֆարյանը:

Մտորումների թատրոնում գործում է նաև երիտասարդական ստուդիա: Օրեր առաջ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը ճանաչվել է «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգի հաղթող։

XS
SM
MD
LG